Երուսաղեմում վտանգված է հայկական քրիստոնեական ներկայությունը. Հայր Կորյունը մանրամասնում է

Երուսաղեմում վտանգված է հայկական քրիստոնեական ներկայությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, դեռեւս օգոստոսի 31-ին Երուսաղեմի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ՝ քրիստոնեական համայնքների ունեցվածքի ու կալվածքների հետ կապված իրավախախտումների վերաբերյալ:

Ներկայացնելով խնդիրը, հայր Կորյուրնը նշեց հետեւյալը. «Նախորդ հինգշաբթի Երուսաղեմի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդները հայտարարություն են ընդունել, որը ներառում էր երկու հարց. Առաջինը  եղել է դատարանի այն որոշման քննարկումը, ըստ որի՝ Յաֆայի դարպասներ մուտքի մոտ գտնվող 2 հունապատկան հյուրանոցները վաճառվել են հրեական կողմին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ կալվածքները դատարանը որոշեց տալ հրեական կողմին, ոչ թե վերադարձնել հունական պատրիարքարանին, մինչդեռ հունական պատրիարքարանը դատարանում պնդում էր, որ այդ հյուրանոցների առքուվաճառքն ամբողջությամբ տեղի է ունեցել կաշառակերությամբ, խաբեությամբ եւ առանց իրենց սինոդի վավերացման: Դատարանի որոշումից հետո երկու ուղղությամբ քայլեր են արվում. մեկը բողոքարկել որոշումն ավելի բարձր դատական ատյաններ, երկրորդ՝ բոլոր հոգեւոր առաջնորդների կողմից հայտարարություն տարածվեց, որով կոչ են անում քրիստոնեական բոլոր եկեղեցիների ղեկավարներին միջամտել, ճնշում բանեցնել հրեական կառավարության վրա, որպեսզի ի նպաստ հունական պատրիարքարանի որոշում կայացվի»:

Երկրորդ խնդիրը, ըստ հայր Կորյունի, կապված է Իսրայելի խորհրդարանում շրջանառության մեջ դրված մի փաստաթղթի հետ, որով առաջարկվում է, որ եթե եկեղեցիները, որոնք ունեն կալվածքներ եւ ուզում են դրանք վարձակալության տալ երրորդ մասնավոր կողմին, այդ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Կնեսեթի կողմից նշանակված մարմնի կողմից:

«Սրանով, փաստորեն, սահմանափակվում է եկեղուցու կողմից իր գույքը տնօրինելու իրավունքը: Այս առումով, իրոք, մտահոգիչ է, որովհետեւ մի կողմից այդ երկու հունական հյուրանոցների հրեական կողմին փոխանցելը ամբողջությամբ կփոխի հին քաղաքում քրիստոնեական ներկայությունը: Իսկ եթե այս օրենքն էլ անցկացվի Կնեսթեում, բոլոր քրիստոնեական համայնքներին էլ կվերաբերի, որոնք իրենց կալվածքները վարձակալության էին տալիս, եկամուտ ապահովում, որը թույլ է տալիս եկեղեցում գործունեության շարունակականությունն ապահովել: Այս առումով վտանգվում է քրիստոնեական ներկայությունը Երուսաղեմում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա ընդգծեց, որ այս պահին Երուսաղեմի հայկական պատրիարքությունը երրորդ կողմին իր կալվածքներից վարձակալության տալու ծրագիր կամ մտադրություն չունի, այս պահին միայն հունական պատրիարքությունն է նման գործարքներ արել. «Բայց մեր մտավախությունն այն է, որ եթե այս օրենքն ընդունվի, եւ բոլոր նման գործարքները կատարվեն Կնեսեթի նշանակած մարմնի վավերացմամբ, ապա ապագայում հավանաբար, ոչ թե երրորդ կողմի, այլ ուղղակի որեւէ կազմակերպության հետ վարձակալության պայմանագիրը պետք է վավերացնի Կնեսեթը: Այսինքն սրանով սահմանափակվում է քրիստոնեական համայնքների կողմից իրենց կալվածքները տնօրինելու իրավունքն ու ազատությունը»:

 

Հայր Կորյունը նշեց, որ փաստաթուղթը Իսրայելի խորհրդարանում դեռ լսումների փուլում է, դրա համար քրիստոնյա համայնքների առաջնորդները հանդես եկան հայտարարությամբ, որ կանխեն այդ նախագծի ընդունումը:

«Կանոնակարգն այսպիսին է, սկզբում լսումներ են լինում Կնեսեթի համապատասխան հանձնաժողովներում, հետո երեք ընթերցմամբ քննարկվում է Կնեսեթում, որից հետո նոր որպես օրենք ընդունվում է: Հիմա հրեաները տոնական շրջան են մտնում՝ Նոր տարին է: Հավանաբար օրենքի քննարկումը կլինի հոկտեմբերի 2-րդ կեսին: Բայց մենք կարծում ենք, որ հոգեւորականների՝ ամբողջ աշխարհին ուղղված  հայտարարությունը կկասցնի դրա ընդունումը: Ամեն ինչ կախված է նաեւ նրանից, թե աշխարհի քրիստոնյա առաջնորդներն ինչպես կմիջամտեն մեր կոչին, հուսյ ունեմ, որ նկատի կունենան մեր բողոքի ձայնը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով