Գեղարքունիքի մարզում անասունների մասսայական սպանդ է սկսվել. «Փաստ»

Загрузка...

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզում անասունների մասսայական մորթ է սկսվել: Խոտի բերքն այս տարի մարզում պակաս է: Գյուղացիները, չկարողանալով բավարար քանակի անասնակեր կուտակել, այսօր արդեն սկսում են խոշոր ու մանր եղջերավորներին սպանդի ենթարկել: Ցրտաշունչ ձմեռն ու գարնան եղանակային անակնկալները փչացրել են բերքը: Մեկ հակ խոտի արժեքը տատանվում է 1200–1500 դրամի սահմաններում:

Խոտի քիչ բերքի ու բարձր գնի պատճառով ֆերմերներն այսօր ստիպված են կրճատել անասունների գլխաքանակը: «7-8 ամիս մեր շրջանում ձմեռ է, առանց այն էլ այստեղ անասնապահությունը խստաշունչ ձմռան պատճառով ձեռնտու չէ, իսկ այս տարի էլ ընդհանրապես խոտ չկա: Մարդ կա 5–6 անասուն ունի, նա կարա՞ էդքան անասունի համար խոտ առնի, պետք է վարկ վերցնի խոտ առնի, դե էդ դեպքում կսնանկանա, դրա համար սաղ սկսկել են ունեցած անասունները վերացնել: Եթե մարդ կա 2 անասուն էր նախատեսում ծախել, այսօր եղած 4–ն էլ ծախում է»,- պատմեց Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Վիրաբ Բաղդասարյանը: Խոտը Երանոսում նույնպես պակաս է. գյուղի բարձրադիր հատվածներում այն ընդհանրապես այս տարի չի եղել: Նախորդ տարվա համեմատ խոտը 60–70%–ով այստեղ քիչ է:

«Ոչ մեկը խոտ գրեթե չի առել, ինչ հավաքել ենք մեր դաշտերից՝ դա է, մարդիկ սաղ, սաղ՝ կով է, ոչխար է ծախում են»,– դժգոհեց երանոսցի Ժորա Ժամհարյանը: Ընթացիկ տարում Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բերքատվության ցածր արդյունք: Մարզպետարանից փոխանցած տվյալներով՝ այս տարի արտադրվել է 67916 տոննա հացահատիկ, 208000 տոննա կարտոֆիլ, 37000 տոննա բանջարեղեն եւ 280000 տոննա խոտ:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...