Աշոտ Ահարոնյանի գրառումը իր ֆեյսբուքյան եջում

<Հրապարակ>-ի այսօրվա խմբագրականի <դիտարկումները> կիսաճշմարտություն տիրաժավորելու հերթական դրսևորումն են: Իսկ կիսաճշմարտությունը, հանրահայտ է, ավելի վտանգավոր է, քան սուտը:

Այո՛, ճանապարհային ոստիկանների դյուրակիր տեսախցիկները կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու խնդիր ունեն, բայց՝ ոչ միայն: Ինչպես բազմիցս պարզաբանվել է ոստիկանության կողմից՝ տեսախցիկներն ունեն նաև ճանապարհային ոստիկան- քաղաքացի տարաձայնություններն արձանագրելու ու հետագայում վերլուծելու, կոնկրետ իրավիճակ ֆիքսելու, կոնկրետ խախտման հետ կապված որոշում գնահատելու, ինչու ոչ՝ նաև իրականությունը հանրությանը ներկայացնելու ու հանիրավի մեղադրանքներին դիմադարձելու խնդիր:


Հասկանում ենք, որ սևեռումներ չունենալու և արդարամիտ մտածողության համար նաեւ որոշակի մասնագիտական ունակություններ են հարկավոր, բայց թեկուզ նվազագույն կարողություններով՝ պետք է հասկանալ, որ կոռուպցիան մեր իրականության միակ չարիքը չէ: Պակաս չարիք չէ, օրինակ, սուտ ու անփաստարկ լրատվությամբ հանրությանը թյուրիմացության մեջ գցելն ու պետական կառույցների վարկաբեկումը: Այդ մերժելի մարտավարությունը քողազերծելու և քաղաքացուն թյուրիմացությունից զերծ պահելու համար է նաև ոստիկանությունը հրապարակում տեսագրություններ, պարզաբանումներ, մեկնաբանություններ և այլն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news


Այսինքն, ոստիկանությունը պարտաճանաչ կատարում է նաև հանրությանը պատշաճ իրազեկելու գործառույթը, որովհետև, ի տարբերություն որոշ ԶԼՄ-ների պատասխանատուների , ոստիկանության համար կարևոր են և՛ երևույթը, և՛ հանրային ընկալումը, և՛ տեղեկատվության իսկությունը: Իսկ որոշ լրատվամիջոցներ մեկ նպատակ ունեն՝ անվստահություն սերմանել պետական կառույցների հանդեպ:

Եվ այդ մարտավարության շրջանակում ո՛չ տեսնում են, ո՛չ լսում: Հակառակ դեպքում <կհիշեին> մեր, օրինակ, այն պարզաբանումը, որ վնասազերծված պատանդառուի պահանջները բանակցությունների ընթացքում բավարարվել , ապա մերժվել են նրա կողմից: Հակառակ դեպքում, չնայած բոլոր հորդորներին, առանց նախաքննության ավարտին սպասելու նորից ու նորից անփաստարկ տեղեկություններ չէին տարածի, առանց գիտակցելու, որ հանրային վստահությունն իրենց էլ է պետք, և կեղծիքի ու ապակողմնորոշման այդպիսի <հրապարակային> հետևողականություն տեսնող քաղաքացին կարող է հարցնել՝ իրավունք ունե՞նք կասկածելու այս կարգի լրատվամիջոցների տեղեկատվությանը: Կարծում ենք՝ այո…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով