70-ամյա կնոջը վտարում են իր բնակարանից. ահազանգ վարչապետին և արդարադատության նախարարին

«168 Ժամի» խմբագրությունն ահազանգ ստացավ, որ Խորենացի 3-րդ նրբանցքի 4-րդ տան բնակիչ 70-ամյա Օլյա Ներսիսյանին ապօրինի վտարում են իր բնակարանից:

Մենք շտապեցինք դեպքի վայր, որտեղ «Դատական ակտերի հարկադիր կատարման» (ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցները շարունակում էին բնակարանից դուրս հանել Օլյա Ներսիսյանի իրերը, իսկ իրերի մի մասն արդեն գտնվում էր փողոցում:

Օլյա Ներսիսյանն ու Կարինե Աբելյանը՝  հարս ու սկեսուր, իրենց ընտանիքի հետ միասին, մեծ դժվարությամբ կառուցել են այդ բնակարանը, բայց հիմա  փաստացի հայտնվել են դրսում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարինե Աբելյանը նշում է, որ իր հարևանը խաբեությամբ տիրացել է իրենց բնակարանին.

«Մեր հողատարածքը կիսով չափ ընկնում է ետևի հարևանի հողատարածքի մեջ: Դեռ  2008 թվականն էր, հարևանս եկավ ու ասաց, որ ցանկանում է իր հողատարածքն օրինականացնել, որպեսզի իրեն տան սեփականության վկայական, իբրև թե կադաստրում ասել են, որ մեր մասն էլ պետք է ընդհանուրի մեջ մտնի: Մենք այդ մարդուն նորմալ չենք էլ ճանաչում, միայն գիտենք, որ անունը Յուրա է: Եկավ ասաց, որ բոլոր պետական ծախսերը կանի, կմտցնի իր սեփականության վկայականի մեջ, հետո մենք հետ կվերադարձնենք  պետական ծախսերի համար իր վճարած գումարն իրեն, նա էլ օրինական կերպով հետ կտա մեր մասնաբաժինը: Երկար ժամանակ համոզում էր մեզ: Այդ ամբողջն անելուց հետո, մի օր գալիս է վկայականով ու ասում, որ 40.000 դոլար տանք իրեն՝ մեր մասնաբաժինը մեզ տալու համար: Մենք մերժեցինք, նա էլ դատարան դիմեց»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարինե Աբելյանի հարևանուհիներից Մանյա Ահարոնյանն ասում է, որ Կարինեի սկեսուրը՝ Օլյան, իր աչքի առաջ է այդ տունը կառուցել.

«Տարիներով իրար հետ կողք կողքի ենք ապրել: Իմ աչքի առաջ են հարս ու սկեսուր կոպեկ-կոպեկ փող հավաքել ու այս տունը զրոյից կառուցել: 50 տարուց ավելի է՝ այստեղ են ապրում, այստեղ տուն են կառուցել, ապրել, երեխաներ ունեցել,  հիմա եկել հանում են իրենց տանից: Ինչի՞ համար, որ չգիտեմում տա՞ն»:

Հարևաններից մեկն էլ նշեց, որ Օլյայենց ընտանիքը մեծ դժվարությամբ է քարը քարին դրել ու տուն կառուցել, իսկ ետևի տան հարևանին իրենք էլ չեն ճանաչում:

Կարինե Աբելյանը հակընդդեմ հայցով դիմել է դատարան, երբ հայցը դեռևս գտնվում էր դատական պրոցեսի մեջ, հերթական բողոքը Վերաքննիչ դատարանում չքննվելով՝ գործն ուղարկվում է 1-ին ատյանի դատարան, որտեղ վտարման մասին կատարողական թերթ է տրվում:

Մենք խոսեցինք նաև Կարինե Աբելյանի դատապաշտպան Արթուր Գրիգորյանի հետ:

«Դատական պրոցեսը սկսվել է դեռևս 2009 թվականին: Մենք հակընդդեմ հայց ներկայացրեցինք, որ դա ինքնակամ շինություն է, և կառուցապատողը Կարինե Աբելյանն է եղել: Քաղաքապետարանը երբ դա ճանաչել էր օրինական՝ կադաստրային արժեքով պետք է առաջարկեր կառուցապատողին, բայց հարևանը կեղծ տեղեկություն հայտնելով քաղաքապետարանին՝ ներկայացել է՝ որպես կառուցապատող, և դրա հիման վրա դարձել բնակարանի սեփականատեր: Առաջին ատյանի դատարանը մեր հակընդդեմ հայցը բավարարեց, քանի որ ապացուցվեց, որ կառուցապատողն իրականում Կարինեն է: Հարևանը՝ Յուրան, բողոքարկեց վճիռը: Արդյունքում՝ վճիռը բեկանվեց: Մենք դեռևս գտնվում էինք դատական պրոցեսի մեջ, երբ հերթական բողոքը չքննելով՝ վերաքննիչ դատարանը գործն ուղարկում է առաջին ատյանի դատարան, որը վտարման մասին կատարողական թերթ է տալիս: Ես ստիպված եղա վարչական դատարան հայց ներկայացնել՝ նշելով, որ վերաքննիչ վարույթը դեռ ավարտված չէ, հետևաբար՝ չեն կարող կատարողական թերթ տալ, և հարկադիր կատարման պրոցեսն ամբողջովին ապօրինի է:

 

Վարչական դատարանը երկար ձգձգելուց հետո վերադարձնում է հայցը: Ես նորից հայցը վերաձևակերպված ներկայացնում եմ՝ խնդրելով երկու շաբաթով հետաձգել կատարողական գործողությունները, որպեսզի վարչական դատարանից ստանանք համապատասխան որոշում, բայց փոխարենը՝ գալիս են և անմիջապես սկսում հանել գույքը: Այսինքն՝ դատական պրոցեսների ընթացքում մեզ զրկեցին գործը մինչև  վերջ տանելու հնարավորությունից:

Հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ այդ բնակարանում գրանցված Օլյա Ներսիսյանը, որպես վտարման ենթակա անձ, նշված չէ կատարողական թերթում, և նրան նույնպես վտարում են բնակարանից: Իսկ Կարինե Աբելյանը, ով ըստ վճռի՝ ենթակա է վտարման, երբեք պատշաճ կերպով ծանուցում չի ստացել վտարման կամ վտարման ժամանակի մասին»,- ասաց դատապաշտպանը:

70-ամյա Օլյա Ներսիսյանը լրատվամիջոցների միջոցով փորձում է իր ահազանգը հնչեցնել՝ դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ արդարությունը վերականգնելու հույսով։

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով