Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներն անելանելի դրության մեջ են հայտնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ. «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ առ այն, որ Բարեկամավան եւ Բաղանիս գյուղերը  ամռան այս տապին օրերով խմելու ջուր չունեն:

Ու սա այն դեպքում, երբ 3 տարի առաջ փոքր, բայց փաստացի շուրջ 400 բնակիչ ունեցող Բարեկամավան գյուղում սնուցող խմելու ջրագիծ կառուցվեց: Նույնը նաեւ Բաղանիսում.

այստեղ էլ խմելու ջրի հարցը լուծելու համար  ֆինանսական մեծ ներդրումներ են արվել, սակայն արդյունքը, մեղմ ասած, չկա: Ու թեեւ գյուղապետերը պնդում են, որ առաջիկայում հարցը կկարգավորվի, բայց փաստն այն է, որ այսօր գյուղերում 4 օրը մեկ անգամ են խմելու ջուր ունենում: Բարեկամավան համայնքի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը «Ժողովուրդ»-ին պարզաբանեց. «Դա կապված է ջրաչափերի հետ, որ չկա տեղադրված, եւ մարդիկ անխնա բացում են ոռոգման ջրի տեղ: Կարգավորելը շատ դժվար է»:

Նման տեսակետ հայտնել է նաեւ Բաղանիսի ղեկավար Նարեկ Սահակյանը՝ ասելով. «Գյուղն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջուրն էլ անբարեխիղճ օգտագործողներ էլ կան»: Հավելենք, որ մի շարք գյուղացիներ խմելու ջրի խնդրով առաջիկայում պատրաստվում են հասնել Երեւան ու կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով