Սերժ Սարգսյանի արձակուրդի «իրանական դադարն» ավարտվեց

Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել ԻԻՀ վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը:

Երեկոյան նախագահ Ռոհանիի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն` ի պատիվ Թեհրան ժամանած երկրների բարձրաստիճան պատվիրակությունների: Դատելով տարածված պաշտոնական տեղեկատվությունից` Թեհրանում Սարգսյանն այլ օրակարգ, Ռոհանիի հետ երկկողմ հանդիպան պայմանավորվածություն չի ունեցել:

Հայաստանի նախագահի թեհրանյան աղքատիկ օրակարգը մի փոքր ոչ համարժեք է այն աղմուկին, որը նախորդեց ԻԻՀ Սերժ Սարգսյանի երեկվա այցին: Նախ` արձակուրդ մեկնելու մասին նավագահականի տարածած հաղորդագրության մեջ հատուկ հիշատակվել էր, որ օգոստոսի 5-ին Սարգսյանն ընդհատելու է հանգիստը` Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով, իսկ Թեհրան այցի նախօրեին Հայաստանի նախագահը հարցազրույց էր տվել իրանական լրատվամիջոցներին, որում, ըստ էության, չէր բացառել Հայաստանի տարածքով իրանական գազը Եվրոպա տարհանելու հնարավորությունը: Այս ամենն որոշակի սպասումներ էին ծնել Սարգսյանի երեկվա այցից, սակայն այն, դատելով պաշտոնական տեղեկատվությունից, առավել քան արարողակարգային է եղել:

Թերևս հաստատվում է մեր առաջ քաշած այն վարկածը, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին շաբաթների իրանական ակտիվությունը պայմանավորված էր հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամով: Ըստ այդմ, գործ ունենք ոչ թե հայ-իրանական հարաբերություններում նոր որակի մեկնարկի, այլ ավելի շատ ցուցադրական քայլի հետ, որով Երևանը փորձում է մեծացնել իր կշիռը Մոսկվայի հետ հարաբերություններում:

Փոխարենը` Թեհրանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին երեկ ընդունել. է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունմանը:

Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագիրը մոտ ժամանակներս կստորագրվի: Իր հերթին, Էսհաղ Ջահանգիրին դատապարտելի և անհիմն է համարել ԱՄՆ –ի կողմից պատժամիջոցների կիրառումը: «ԱՄՆ-ի նոր և միակողմանի պատժամիջոցներն Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ դատապարտելի և անհիմն են, և այս պայմաններում Եվրասիայի հնարավորությունների օգտագործումը կարող է նպաստել խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են որոշ երկրների՝ այդ թվում Իրանի ու Ռուսաստանի առջև»,- ասել է Ջահանգիրին:

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, եթե իհարկե այն ստորագրվի, բխում է Հայաստանի շահերից, սակայն ակնհայտ է, որ ԵՏՄ-ի և Իրանի հնարավոր մերձեցումը տեղի է ունենալու հակաամերիկյան առանցքով: Եթե հայ-իրանական հարաբերությունները ենթարկվելու են եվրասիական տրամաբանությանն, ապա ոչ միայն չեն նպաստելու Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսության դիվերսիֆիկացմանն, այլ իրենց վրա կրելու են Ռուսաստանի կաշկանդող կնիքը:

Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի երեկվա այցը Թեհրան տպավորիչ ու գործնական դժվար է անվանել:

 

Հոդվածը ̀  1in.am-ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով