«Նախիջևանի դերակատարումն ուղղակի անգնահատելի կարող է լինել տարածաշրջանում. նախաձեռնողը պետք է լինի Հայաստանը». Արա Մարջանյան

«Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանի կարծիքով՝ Նախիջևանի հարցին պետք է մոտենալ համընդգրկուն՝ դիտարկելով թե՛ վտանգները, թե՛ դրական պոտենցիալը, որ կարող է խաղալ Նախիջևանը։

«Խոսելով Նախիջևանի մասին՝ մենք հիմնականում խոսում ենք սպասվող և առկա վտանգների մասին, բայց կհորդորեի նաև հիշել, որ Նախիջևանը երկար ժամանակ տարածաշրջանում ունի տրանզիտային և կապող դերակատարում, խաղում է բավական դրական դեր։ Բոլոր կողմերը հիմնականում խոսում են վտանգների, պատերազմների, լարումների մասին, իսկ խոսակցությունները՝ լիցքաթափել իրավիճակը, ստեղծել տարածաշրջանային կոմունիկացիոն գոտի, զարգացում ապահովել, օգտագործել Նախիջևանի պոտենցիալը՝ որպես տարանցիկ օջախ, բավական քիչ են, ինչը շատ վատ է, որովհետև, եթե անընդհատ խոսում ես բացասական սցենարների մասին, կարծես ինքդ նպաստես դրանց իրականացմանը։ Ահա այս տեսանկյունից կարծում եմ, որ Նախիջևանի հարցին պետք է մոտենալ համընդգրկուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց փորձագետը։

Այդպիսի խոսակցությունների նախաձեռնողը, ըստ նրա՝ Հայաստանը պետք է լինի՝ որպես առավել խելամիտ և շահագրգռված կողմ. «Շատ լավ կլինի, որ այս խոսակցություններին միանան և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, բայց կարծում եմ՝ նախաձեռնողը պետք է լինի Հայաստանը։ Այս կապակցությամբ «Նորավանք» հիմնադրամը պատրաստվում է նոր նախաձեռնություն իրականացնել։ Դա կլինի մասնագիտական հանրության հարցման տեսքով կազմակերպված, և հարցերից մեկը, որ կներկայացվի թե՛ հայ, թե՛ արտասահմանյան փորձագետներին, կլինի՝ ինչպիսի՞ն է պոզիտիվ սցենարը՝ Նախիջևանի ֆակտորի օգտագործման համար»։

Հիշեցնելով, թե ինչ է նշանակում Նախիջևանը տարածաշրջանի համար, նա սկսեց մի փաստից, որն ըստ փորձագետի՝ շատ հաճախ մոռանում ենք. «Երևանը ժամանակին երկաթուղի է ունեցել միայն նրա համար, որ ցանկություն կար երկաթուղին հասցնել մինչև Ջուլֆա։ Միայն այդ ծրագրի հետևանքով դեռ ռուսական կայսրության ժամանակ Երևանն ունեցավ երկաթուղային կայան։ Ջուլֆայի հանգույցն այն երկաթուղային հանգույցն է, որը Պարսից ծոցը կապում է Բալթիկ ծովի հետ։ Ահա այդ Ջուլֆայի հանգույցի դերակատարումը պոզիտիվ սցենարի կիրառման ժամանակ շատ դրական կարող է լինել»։

Երկրորդ կարևոր փաստը, Արա Մարջանյանի դիտարկմամբ՝ այն է, որ Նախիջևանով են անցնում տարածաշրջանի ամենակարճ էներգետիկ մայրուղիները. «Խոսքս բարձրագույն լարման գծերի, գազատարների ուղիների, նավթային ուղիների, ավտոճանապարհների մասին է, և Նախիջևանի հանգույցն ունի էական դերակատարում թե՛ Հյուսիս-Հարավ առանցքով, թե՛ Արևելք-Արևմուտք առանցքով՝ տրանսպորտային, էներգետիկ, հաղորդակցության հոսքերի առավել արդյունավետ կազմակերպման համար։ Այդ տեսանկյունից՝ Նախիջևանի դերակատարումն ուղղակի անգնահատելի կարող է լինել տարածաշրջանում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով