Հոգեկան հիվանդ որդին դանակով սպանել է հորը

By | 10.08.2017
Загрузка...

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Մարտին Ա.-ի գործի քննությունը:

Քրեական գործը հարուցվել է դիտավորյալ սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Գործով մեղադրանք է առաջադրվել 46-ամյա Մարտինին:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի փետրվարի 16-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Գոռավան գյուղի իրենց տանը Մարտինը կենցաղային հողի վրա վիճել է հոր՝ Հովհաննեսի հետ, նրան սպանելու դիտավորությամբ խոհանոցային երկու դանակներով հարվածել է հոր որովայնի, ծնոտի, կրծքավանդակի ձախ կեսի շրջաններին ու սպանել է նրան:

Մարտին Ա.-ի խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նրա նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն: Մարտինը տեղափոխվել է հոգեբուժական հաստատություն:

Փորձաքննության եզրակացությամբ Մարտինը ճանաչվել է անմեղսունակ: Նրա նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել, նա տեղավորվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի հատուկ տիպի բաժանմունքում:

Դատարանը քննել է Մարտին Ա.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Հովհաննեսի եղբայրը, հայտնել է, որ Հովհաննեսը որդու՝ Մարտինի հետ ապրում էր իր հարևանությամբ: Մարտինը հոգեկան հիվանդությամբ էր տառապում, հաճախ վիճաբանում էր հոր հետ:

2017 թվականի փետրվարի 16-ին, ժամը 17-ի սահմաններում ինքը գտնվում էր իրենց գոմում: Մարտինը եկել է իր մոտ ու ասել է, որ դանակի հարվածներով սպանել է իրենց հորը:

Ինքն անմիջապես գնացել է Հովհաննեսի տուն, տեսել է, որ Հովհաննեսը մեջքի վրա ընկած է խոհանոցի հատակին՝ ամբողջովին արյունոտված ու արդեն մահացած վիճակում:

Մարտինի օրինական ներկայացուցիչը՝ նրա քույրը, հայտնել է, որ Մարտինը 2003 թվականից հաշվառված է որպես հոգեկան հիվանդ… Դեպքի օրն իրեն զանգահարել է հորեղբոր կինն ու ասել է, որ Մարտինը դանակով հարվածներ է հասցրել հորը: Երբ այդ դանակը կոտրվել է, նա մեկ ուրիշ դանակ է վերցրել ու շարունակել է հարվածել…

Հարևանը հայտնել է, որ դեպքի օրը իրենց տուն է եկել Մարտինն ու կանչել է իրեն: Ինքն ու կինը տանից դուրս են եկել: Տեսել են Մարտինին՝ ձեռքերն ամբողջությամբ արյունոտ: Մարտինը լաց էր լինում: Նա ասել է, որ դանակով խփել ու սպանել է հորը՝ Հովհաննեսին: Խնդրել է, որ ինքը զանգի ու ոստիկաններին կանչի, թող գան իրեն տանեն: Կինն անմիջապես զանգել է ոստիկանություն, ինքը մնացել է Մարտինի մոտ: Մարտինը պատմել է, որ դանակով խփել է հորը, իսկ երբ դանակը կոտրվել է, ուրիշ դանակ է վերցրել ու շարունակել է խփել…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Հովհաննես Ա.-ի մահը վրա է հասել դեմքի, կրծքավանդակի, որովայնի, ձախ բազկի, աջ հետույքի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող ու չթափանցող վնասվածքներից առաջացած տրավմատիկ,  հեմոռագիկ շոկից: Տուժողի մարմնին առկա են եղել 18 կտրած-ծակած վնասվածքներ, 7-ը՝ թափանցող, 11-ը՝ չթափանցող…

Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Մարտին Ա.-ի մոտ ախտորոշվել է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև, դեֆեկտային վիճակ»: Քրեական օրենքով արգելված արարքը կատարելու պահին նա գտնվել է զառանցական ապրումների ազդեցության ներքո, ինչը նրան զրկել է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու, դրանք ղեկավարելու հնարավորությունից:

Մարտին Ա.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Ըստ եզրակացության՝ իր վիճակով Մարտին Ա.-ն չի կարող մասնակցել դատաքննչական գործողությունների, սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման՝ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Դատարանը որոշել է անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած Մարտին Ա.-ին ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից: Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում՝ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

 

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...