Հայաստանում դժվար է բիզնես անել` առանց կրիմինալ հարցերում հայտնվելու. գործարար

Գործարար, բանան ներկրող ընկերություններից մեկի՝ «Տրոպիկա»-ի սեփականատեր
Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել է իր հետ կատարվածին։ Հիշեցնենք, երեկ գիշեր ազոտական թթու էին լցրել  ընկերությանը պատկանող սառնարանների ճնշակների վրա։
«Ոստիկանության փորձագիտական բաժնից եկան, հետազոտեցին, նմուշներ վերցրեցին, իրենց նախնական եզրակացությամբ էլ ծծմբաթթու էին լցրել կոմպրեսորներին։

Հետո սոդայով ու սոդայաջրով լվացինք մի քանի ժամ, կարծես մաքրվեց, մենակ շարժիչների ներսում դեռ անհասկամալի է, թե ինչ է կատարվում։ Մեծ վնասներ չենք կրել որակյալ կոմպրեսորների շնորհիվ։

Ոստիկանությունը տարբեր մակարդակներում մեծ պատրաստակամություն է դրսևորում հանցագործին գտնելու համար, հուսով եմ արդյունք կունենան։

Ինչպես ինձ, այնպես էլ թեմային հետևող հազարավոր մարդկանց համար հանցագործին չգտնելու դեպքում էլի ամրանալու է էն դիրքորոշումը, որ Հայաստանում դժվար է բիզնես անել, առանց կրիմինալ հարցերում հայտնվելու։

Բացի էդ, եթե չբացահայտվեց, մեսսիջ կհանդիսանա, կրկնօրինակման թեմա կտա այլ նմանատիպ շրջանակների համար, որ բիզնեսում շատ հարցեր կարելի է լուծել մրցակցի սրահը վառելով, մեքենան պայթեցնելով և այլն։ Ու գուցե թեման շարունակություն ստանա, ինչպես մեր, այնպես էլ այլ մարդկանց հետ։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց օգնությունն առաջարկեցին զանգելով, գրելով կամ հանդիպելով, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին։

Օգնելու առաջարկ անողներին ասեմ, քանի որ բնականաբար շարունակելու ենք բանանի ներկրումով զբաղվել, ու խնդիր ունենք ծավալները մեծացնել, հիմա մեզ լավագույն օգնելու տարբերակը կլինի առաջարկել մարդկանց կամ տարբերակներ, մեծածախ իրացումը մեծացնելու, վաճառելու համար։ Կարող եք համարն ինձ գրել տարբերակների մասով, մենք կկապվենք»։

 

Աղբյուր ̀ «Ա1+»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով