Թուրքիայում փոխվել են բոլոր զորատեսակների հրամանատարները

Օգոստոսի 2-ին Թուրքիայում կայացած Բարձրագույն ռազմական խորհրդի հերթական նիստի որոշմամբ ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարների պաշտոններում նշանակվել են նոր զինվորականներ: Այս մասին հրամանագիրը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղակատուում (Resmi Gazete):

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքի փոխարեն նշանակվել է Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուլերը: Սալիհ Զեքի Չոլաքը ցամաքային զորքերի հրամանատար էր նշանակվել եղել 2015 թ. օգոստոսին:

Ռազմաօդային ուժերի հրամանատար է նշանակվել ՌՕՈւ մարտավարական օդուժի հրամանատարության և հակահրթիռային պաշտպանության ուժերի պետ, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը: Նա փոխարինում է բանակի գեներալ Աբիդին Ունալին, ով այդ պաշտոնում նշանակվել էր 2015-ի օգոստոսին:

Ռազմածովային ուժերի հրամանատար է նշանակվել ՌՕՈւ հրամանատարության շտաբի պետ, դերծովակալ Ադնան Օզբալը: Նա փոխարինում է ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուին, ով  պաշտոնավարում էր 2013 թ. օգոստոսից:

Նշենք, որ 2016-ի ցամաքային զորքերի նոր հրամանատար Յաշար Գյուլերը մինչև ժանդարմերիայի հրամանատարի պաշտոնում նշանակվելը եղել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ (2013—2016-ի հուլիս): Ժանդարմերիայի հրամանատար է նշանակվել 2016-ի հուլիսի 28-ին՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո:

ՌՕՈւ նոր հրամանատար Հասան Քյուչյուքաքյուզը 2009-2012 թթ եղել է ՌՕՈւ ռազմական ակադեմիայի հրամանատար, 2012-ի Բարձրագույն ռազմական խորհրդի նիստի որոշմամբ նշանակվել է ՌՕՈւ ուսումնական հրամանատարության պետ և պաշտոնավարել մինչև 2016-ի հուլիս: 2016-ի հուլիսի 30-ից մինչև 2017-ի օգոստոս եղել է ՌՕՈւ մարտավարական օդուժի հրամանատարության և հակահրթիռային պաշտպանության ուժերի պետ:

Ռազմածովային ուժերի նոր հրամանատար Ադնան Օզբալը 2012-2013-ին եղել է ռազմածովային ուժերի ռազմական ակադեմիայի պետ, 2013—2014-ին՝ առափնյա անվտանգության ուժերի հրամանատար, 2014-ի օգոստոսից մինչև 2016-ի օգոստոս՝ ՌԾՈւ կրթության և վերապատրաստման հրամանատարության պետ, իսկ 2016-ի օգոստոսից մինչև 2017-ի օգոստոս եղել է ՌՕՈւ շտաբի պետ:

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով