Արտառոց դեպք Գյումրիում. աղջիկը հայտնաբերել է, որ հոր գերեզմանում այլ անձի են հուղարկավորել. ովքե՞ր են հանել դագաղը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դիակը անարգելու դեպք։

Քրեական գործով երեք անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից մեկը ձերբակալվել է։ 2017թ. օգոստոսի 23-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ հայրը մահացել է 27.03.2013թ. և հուղարկավորվել Գյումրու թիվ 2 գերեզմանատանը գտնվող իրենց ընտանեկան գերեզմանոցում, որտեղ ինքը վերջին անգամ այցելել է 2016թ. մայիսին:

2017թ. օգոստոսի 22-ին, այցելելով ընտանեկան գերեզմանոց, պարզել է, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում: Որոշում է կայացվել քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարել քննչական խմբին: Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բացահայտվել հանցավոր այլ դրսևորումներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՓԲԸ ընկերության տնօրենը նշված գերեզմանի տարածքը 2016թ. հոկտեմբերին հատկացրել է մեկ այլ քաղաքացուհու հուղարկավորության համար՝ պահանջելով որոշակի գումար։ Ընդ որում, ո՛չ նախկինում հուղարկավորված անձի հարազատներն են իմացել, որ իրենց ընտանեկան գերեզմանի տարածքը տրամադրվել է այլ քաղաքացու, ո՛չ էլ մահացած կնոջ հարազատներն են տեղեկացված եղել, որ հուղարկավորության համար իրենց հատկացվել է մեկ այլ անձի գերեզմանատեղ։

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ խաբեությունը քողարկելու համար գերեզմանի տարածքից հանվել է նախկին հանգուցյալի դագաղը, պարզվել այն բանվորների ինքնությունը, ովքեր գերեզմանոցում իրականացրել են փորման աշխատանքները, հանել դագաղը։

Վերջիններս ներգրավվել են որպես կասկածյալ և հարցաքննվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Եվս մեկ անձ՝ ՓԲԸ-ի տնօրենը, ձերբակալվել է՝ խարդախությամբ վստահությունը չարաշահելով գումար հափշտակելու կասկածանքով։ Քննություն է տարվում՝ պարզելու գերեզմանի անարգմանը մասնակցություն ունեցած այլ անձանց ինքնությունը, անհատականացնելու նրանց գործողությունները, հստակեցնելու անմիջական ցուցում տված անձին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով