Քննիչն ու ոստիկանության աշխատակիցները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ

By | 20.07.2017
Загрузка...

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է սուտ մատնություն կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ հանիրավի մեղադրելու փաստերով հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը:

Այսպես, քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Արման Հովսեփյանը, նախազգուշացված լինելով հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով իր կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելը, 2017 թվականի ապրիլի 19-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին իր նախկին կնոջ ահազանգով ժամանած ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները տան բակում ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում Ա. Հովսեփյանի հաղորդած տեղեկությունները հերքվել են. նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Հովսեփյանը նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործությունների մասին և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներին հանիրավի մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանր հանցագործության կատարման, այն է՝ պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մյուս քրեական գործի նախաքննությամբ ևս հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրանիկ Հակոբյանը սուտ մատնություն է կատարել: Վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իր վերաբերյալ քննած քրեական գործը դատարան ուղարկելուց հետո այցելել է ՔԿՀ ու պահանջել, որ դատարանում իրեն մեղավոր ճանաչի իր կողմից չկատարված խարդախությունների և գողությունների մեջ` սպառնալով հակառակ դեպքում կալանավորել իր մորը` նույն քրեական գործով ամբաստանյալ Ա. Հակոբյանին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում, այդ թվում` դատապարտյալի անձնական գործի զննությամբ և հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ քննիչը դատապարտյալի մատնանշած ժամերին ՔԿՀ չի այցելել, և վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործության մասին` քննիչին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է:

Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...