«Քաղաքապետարանը 50 միլիոն դոլարի հողատարածք է նվիրաբերել «Spayka» ընկերությանը». Զարուհի Փոստանջյան

By | 27.07.2017
Загрузка...

«Երևանի ավագանին ընտրություններից հետո երեք նիստ է գումարել, որոնք ոչ մի կապ չեն ունեցել երևանցու շահի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա դիտարկմամբ՝ ամենակարևորը վերաբերում է Երևանի հողերին. «83 միավոր հողակտոր ներառվեցին օտարման ցանկի մեջ, ու այդ ցանկի մեջ ներառված հողակտորները պարզ չէ, թե ինչ են իրենցից ներկայացնում, ուղղակի կոդով նշված է հողատարածքի անվանումը և, թե մոտավորապես որ համայնքում է գտնվում, բայց թե որքա՞ն է կազմում, ի՞նչ տիպի հող է և ի՞նչ նպատակների կարող է ծառայել, մենք այդ տեղեկանքից ոչինչ չենք հասկացել: Երբ ավագանին մեծամասնությամբ հաստատեց այդ որոշումը, հասկանալի էր, որ դա կոռուպցիոն որոշում էր»:

Զ. Փոստանջյանը նշեց, որ մի ընկերություն, որը ներկայացնում է ներդրումային ծրագիր, երբ դիմում է քաղաքապետարան, դեռ չգիտի՝ արդյոք նման հողակտոր կա՞, թե՞ ոչ, որովհետև որևէ տեղ հրապարակված չէ, ոչ մեկի համար այդ տեղեկատվությունը հասանելի չէ:

«Բայց այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է «Սպայկա» ընկերության համար հասանելի այդ տեղեկատվությունը: Մենք գիտենք, որ այդ 83 հողակտորների վերաբերյալ արդեն կա ավագանու որոշում օտարման վերաբերյալ: Մեկ շաբաթ հետո տեսնում ենք՝ կառավարությունը որոշում է կայացնում նվիրաբերել «Սպայկա» ընկերությանը 164 հեկտար հողակտոր, որը շուրջ մեկ շաբաթ առաջ արդեն ավագանու որոշմամբ  ներառվել է օտարման ցանկի մեջ: Փորձեցինք ուսումնասիրել այդ տեղեկանքը, որը ներկայացվել էր կառավարությանը:

Կառավարությանը ներկայացված տեղեկանքի մեջ քաղաքապետարանը հիմնավորում է, որ «Սպայկա» ընկերությունը դիմել է քաղաքապետարանին, ներդրումային ծրագիր է առաջարկել, իրենք էլ որոշում են կայացրել այդ հողակտորը նվիրաբերել «Սպայկա» ընկերությանը: Այդ դիմումն իբրև թե քաղաքապետարան մուտք է եղել ամսի 19-ին, իսկ որոշումը կայացվել է 16-ին, ես այդ 19-ը կառավարության կայքից էի վերցրել: Երբ ես հարցումը գրեցի, հարցմանն ի պատասխան՝ ասացին, թե՝ դուք սխալվում եք, ամսի 19-ին չի դիմել «Սպայկա» ընկերությունը, այլ հենց ամսի 16-ին է դիմել: Ինչքա՞ն մատչելի է «Սպայկա» ընկերության համար այդ տեղեկատվությունը, այն դեպքում, որ այդ հողակտորը ծածկագրով է, ու նույնիսկ մենք չգիտեինք դրա մասին: Բայց ինչպե՞ս է լինում, որ հենց այդ նույն օրը, երբ ավագանին որոշում է կայացնում, «Սպայկա» ընկերությունն այդ որոշման հիման վրա միանգամից դիմում  է ու ներդրումային ծրագիր է ներկայացնում քաղաքապետարանին»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը:

Ըստ նրա՝ սա խոսում է կոռուպցիայի մասին: Նրա խոսքով՝ եթե դու մեկին նվիրաբերում ես այս արժեքի հող, նշանակում է՝ Երևանն ունի միջոցները, և այդ միջոցները չեն ծառայում իրենց նպատակին. «Այնտեղ նույնիսկ Ֆինանսների նախարարության եզրակացությունը կար, որ այս նվիրատվությունը «Սպայկա» ընկերությանը բավականին մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում: Իհարկե, այդ որոշումը չէր կարող մեկ անձ կայացնել, այս որոշումը կայացվում է Բաղրամյան 26-ում և համաձայնեցված է հենց Սերժ Սարգսյանի հետ»:

Ի դեպ, ըստ Զ. Փոստանջյանի՝ այդ հողատարածքի շուկայական արժեքը 50 միլիոն դոլար է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...