Տեղի է ունեցել երիտասարդ գրողների 15-րդ համաժողովը

By | 04.07.2017
Загрузка...

Հայաստանի գրողների միությունը հունիսի 7-9-ը Ծաղկաձորում անցկացրեց երիտասարդ գրողների 15-րդ համաժողովը՝ «Գրականություն և հայրենիք» խորագրով, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից։
Համաժողովը տեղի ունեցավ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Հունիսի 7-ին մասնակիցներին բացման խոսքով ողջունեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Նա կարևորեց երիտասարդական համաժողովների նշանակությունը և ավագ ու երիտասարդ գրողների միջև կապի անհրաժեշտությունը:

Պարոն Միլիտոնյանը ներկայացրեց գրողների միությունում կատարվող աշխատանքները, անդրադառնալով երիտասարդների ստեղծագործությունների տպագրմանը և արժևորելով գրական մամուլը՝ «Ցոլքեր», «Գրեթերթ», «Գրական թերթ», «Նարցիս», «Անդին», ինչպես նաև մարզային թերթերը՝ «Երկունք», (Վանաձոր), «Եղեգան փող», (Շիրակ) «Ոգու կանչ» (Կոտայք), որոնք ամբողջապես կամ մասամբ ներկայացնում են երիտասարդների ստեղծագործությունները:
«Հայրենասիրության պատգամաբերն առաջին հերթին հայ գրողն է» խորագրով զեկույցով հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը: Նա նշեց, որ դեռևս 5-րդ դարում հայ գրականության առաջատար թեման ազգային մտածողությունն ու սերն էր առ հայրենիք: Երիտասարդների համար նա պարտադիր համարեց շատ կարդալն ու հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններին խորապես ծանոթանալը:

Նա ցանկություն հայտնեց, որ երիտասարդ գրողների մեջ լինեն այնպիսիք, որոնց ստեղծագործությունները թարգմանվեն տարբեր լեզուներով:
Արտեմ Հարությունյանը խոսեց համաշխարհային գրականության մասին՝ կարևորելով երիտասարդների դերը և բերելով երիտասարդ գրողների օրինակներ, ովքեր փոխել են գրականության հունը: «Մարդը այնժամ է դառնում հայրենասեր, երբ իր նախասիրությունները, հակումները, կրքերը կարողանում է հյուսել, ձուլել բոլոր արվեստներից ամենադժվար նյութի՝ խոսքի հետ»,- ասաց պարոն Հարությունյանը:
Գուրգեն Խանջյանի կարծիքով համաշխարհային քաղաքականությունը ամեն ինչ տանում է համահարթեցման և շատ կարևոր է ինքնության պահպանումը: Այս առումով հայ երիտասարդների առջև մեծ խնդիր կա՝ պահպանել ազգային երկիր, լեզու, գրականություն: «Հատկապես Հայաստանի համար դա պահպանելը մեզ համար մեր գոյությունը պահպանելու նշանակություն ունի»,- ասաց նա:
Իր «Գրականություն և հայրենիք» ելույթում Հերմինե Նավասարդյանը նշեց, որ գրականությունը դարերի մեջ հայրենիք է կերտում, հայրենիքը՝ գրականություն: Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Թումանյանի, Վարուժանի, Սիամանթոյի, Չարենցի, Տերյանի, Մաթևոսյանի ստեղծած հոգևոր Հայաստանը ապրեցնում է և ուղենշում երկիրը: Նա ասաց. «Մեզ՝ գրականությունն իբրև հոգու թռիչք ապրողներիս համար հայրենիքը քայլելու երկիր պիտի լինի՝ քայլքով աճի:

Սակայն հաճախ թռիչքների համար երկինք գտնելն ավելի հեշտ է, քան քայլելու համար՝ մաքուր հող:»
Համաժողովի երկրորդ օրը «Հայրենիքի պատկերը երիտասարդական պոեզիայում» զեկույցով հանդես եկավ Արմեն Ավանեսյանը: Նա անդրադարձավ մի շարք երիտասարդ բանաստեղծների նոր գրքերի, նշելով, որ 1991թ.-ի անկախությունից հետո պոեզիայում նոր տեսք ու բովանդակություն է ստանում հայրենիքի պատկերը: Այսօրվա բանաստեղծները գրում են հայրենիքի մասին՝ որպես պետության տիրոջ, այսինքն՝ հայրենիքը, որ նախկինում անմարմին էր, հիմա դարձել է պետություն, և դրա քաղաքացին է գրողը:
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցան նաև գրական ընթերցումներ: Իրենց ստեղծագործությունները կարդացին Արթուր Մեսրոպյանը, Անի Ամսեյանը, Արմեն Սարգսյանը, Դավիթ Մշեցին, Անահիտ Մարգարյան – Անտոնյանը, Արման Թովմասյանը, Մանուշակ Քոչարյանը, Սրբուհի Խաչատրյանը, Մարիամ Սարգսյանը, Տաթև Ոսկանյանը, Սոնա Համբարձումյանը, Լուսին Ղազարյանը, Տալիթան, Աիդա Հարությունյանը, Մելիք Միքայելյանը, Արփի Վարդանյանը և այլք:
Հունիսի 9-ին քննարկվեցին գրական երիտասարդական մամուլի և նրան առնչվող հարցեր: Համաժողովին մասնակցում էին նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը և ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, ում խորհուրդները շատ օգտակար եղան երիտասարդ ստեղծագործողների համար:
Էդվարդ Միլիտոնյանն ամփոփեց համաժողովը: Նա նշեց, որ համաժողովը լավ հնարավորություն էր երիտասարդների համար՝ ճանաչելու միմյանց ու գրական դաշտը և հույս հայտնեց, որ այն նոր ստեղծագործությունների ու գրքերի ազդակ կդառնա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...