Տարոն Մարգարյանը կպահանջի՞ ապամոնտաժել «Մարկո Պոլոն», «Սքուեր Ուանը». ՀԺ

By | 13.07.2017
Загрузка...

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին մեծ շուքով Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի Թումանյան փողոցում գտնվող սննդի և սպասարկման մի քանի կետ ապամոնտաժեց:

Պատճառն այն էր, որ առևտրային կազմակերպությունները իրենց գործունեությունը ծավալել էին չնախատեսված տեղում՝ մայթի բանուկ հատվածում, և մայթի 50 տոկոսից ավելի հատվածում տեղակայել էին սեղաններ և աթոռներ՝ խոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժը: Այս գործողությանը նախորդել էր Երևանի քաղաքապետի հուլիսի 10-ի աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժին:

«Սեզոնային սրճարաններին և հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մեր կողմից հատկացվում են հստակ տեղեր: Բայց պետք է խստորեն հետևել, որ այդ գործունեությունը անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար: Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առևտրի օբյեկտների սառնարանները»,- հայտարարել էր Տարոն Մարգարյանը:

Armtimes.com-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էին ապամոնտաժում մայթերի կեսից ավելին զավթած սննդի օբյեկտների հիշյալ հատվածները: Զարմանալի է, որ Երևան քաղաքում միայն Թումանյան փողոցի՝ Հյուսիսային պողոտայից մինչև Աբովյան փողոցը տեղակայված սննդի օբյեկտներին վերաբերվեց Տարոն Մարգարյանի վրդովմունքը:

Armtimes.com-ը հատուկ քաղաքապետարանի համար տեսանկարահանել է Երևան քաղաքի մեկ այլ փողոց, որտեղ նույն պատկերն է. սրճարանները հասել են գրեթե փողոցի երթևեկելի մասը: Խոսքը Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց հատման մասին է, որտեղ տեղակայված են «Սքուեր Ուան», «Մարկո Պոլո» և «Վասաբի» օբյեկտները: Խնդիրը բացարձակապես կապված չէ նշված սրճարանների հետ, հարցն այն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ Թումանյան փողոցի սրճարանները դուրս են եկել իրենց սահմանագոտուց և սեղան-աթոռներ տեղադրել մայթի վրա, իսկ ահա նշված սրճարանները օրենք չեն խախտել:

Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոցից բարձրացող և իջնող յուրաքանչյուր ոք, երեկոյան ժամերին հատկապես, չի կարող նշված ճանապարհահատվածը չանցնել առանց հերթի և շարքի, քանի որ պարզապես հնարավոր չէ ազատ տեղաշարժը:

Եթե քաղաքապետարանն ընտրողաբար չի մոտեցել ապամոնտաժման այս նախաձեռնությանը, ապա հաջորդ ապամոնտաժվող սրճարանները պետք է հենց «Մարկո Պոլո»-ն, «Սքուեր Ուան»-ը և «Վասաբի»-ն լինեն, հակառակ դեպքում համոզիչ չի, որ մայրաքաղաքի միայն Թումանյան փողոցի սրճարաններին էին օրինազանցները»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...