Վարդենիսցիները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին. Պահանջում են վարչապետի ներկայությունը. 1in.am

Այսօր վաղ առավոտից վարդենիսցիները փակել էին Վարդենիս-Երևան մայրուղին: Մայրուղին արդեն բաց է, սակայն վարդենիսցիները խոստանում են վաղը և առաջիկա օրերին ևս փակել ճանապարհը և չբացել այնքան, մինչև վարչապետ Կարեն Կարապետյանն անձամբ չգնա այնտեղ և չպատասխանի իրենց հարցերին:

Գյուղացիները մի քանի հարց ունեն: Նախ՝ նրանց հետաքրքիր է, թե ինչու իրենց թույլ չեն տալիս աշխատել Վարդենիսի ոսկու հանքում: Բացի այդ, վարդենիսցիների խոսքով, իրենց սանէպիդկայանը տեղափոխել են Մարտունի, և իրենք անգամ մեկ կիլոգրամ միս վաճառելու համար պետք է Վարդենիսից հասնեն Մարտունի կամ Գավառ, որպեսզի սանէպիդկայանից համապատասխան տեղեկանք վերցնեն:

«Սանէպիդկայանը տարել են Մարտունի, խոսակցություն կա, որ ծննդատունը նույնպես տեղափոխում են Մարտունի: Ոսկու հանքում կրճատումներ են: Խափաթաղ համայնքը անջատում են՝ միացնեն Կրասնասելսկին: Վարդենիսը 40 հազար բնակչություն ունի, բայց բոլոր ենթակառուցվածքները տեղափոխում են Մարտունի: Ինչի՞ համար: Բա էս մարդիկ ի՞նչ անեն: Իմաստը ո՞րն է: Էս կառավարությունը ժողովրդի վիճակը լավ գիտի, բայց ամեն ինչ անում են, որ էլ ավելի բարդացնեն: Ոնց որ մենք իրենց թշնամին լինենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վարդենիսցի Հայկը, ով նույնպես մասնակցել էր ճանապարհը փակելու ակցիային:

«Ամբողջ վարդենիսցին պարապ, սոված նստած է, գնացել են վրացիներին, ռուսներին բերել են, որ դրանք հանքը աշխատեցնեն: Բա թող մի բան անեն, էս մարդիկ մտնեն աշխատեն հանքում, որ սովից չմեռնեն ու մնան իրենց երկրում, ոչ թե թողնեն գնան: 10 հոգի պայքարող մարդ կար, բայց իրենք ուզում են էնպես անել, որ էդ մարդիկ էլ գնան, որ իրենք մնան իրենցով, գլուխները խախանդ: Բայց մենք դա թույլ չենք տա: Մենք պահանջում ենք, որ սանէպիդկայանը, ծննդատունը չտեղափոխեն, աշխատատեղեր բացեն»,- հավելելց Հայկը:

Այսօր վարդենիսցիների բողոքի ձայնը պատկան մարմիններից ոչ ոք չի լսել: «Մեզ դրանց լսելը պետք չի: Մենք վաղվանից ճանապարհը փակելու ենք, ու ճանապարհ բացել չկա էնքան ժամանակ, մինչև վարչապետն անձամբ չգա մեզ լսի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով