Սանահինի վանական համալիրի Զաքարյան իշխանների դամբարանի մոտ 2 հին տապանաքարեր տեղահանվել են և տեղում նոր գերեզման է կառուցվել

By | 18.07.2017
Загрузка...

Սանահինի վանական համալիրի Զաքարյան իշխանների դամբարանի մոտ երկու հին տապանաքարեր տեղահանվել, մի կողմ են նետվել և տեղում նոր գերեզման է կառուցվել: Այս մասին ահազանգում են ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր:

ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունը տեղյակ չի եղել կատարվածից: Այժմ ձեռնարկվում են օրենքով սահմանված համապատասխան բոլոր քայլերը:

«Դիմելու ենք Մայր աթոռին, քանի որ սեփականության իրավունքով նրանց տարածքն է և մարզպետարանին: Բանավոր արդեն դիմել ենք համայնքի ղեկավարին: Մինչև իրավապահ մարմիններին դիմելու ենք, մինչև արդյունքի հասնենք»,- ասաց Աբրոյանը:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով էլ՝ նման երևույթի կարելի է ականատես լինել ոչ միայն Սանահինում, այլ նաև Առինջ գյուղի գերեզմանոցում և շատ այլ տեղերում. հին խաչքարերը, տապանաքարերը հեռացնում են և տեղում նոր թաղում են կատարում:

«Սա ամբողջ հանրապետությունով մեկ է: Անհարգանք վիճակից է գալիս: Բոլոր գյուղերում ուր գնում ես, տապանաքարերը շաշկի են սարքել և խաղում են»,- նշեց նա:

Ըստ հուշարձանագետի՝ սա ոչ թե մշակույթի, այլ կրթության նախարարության խնդիրն է: Նրա խոսքով՝ հայ հասարակությունը նախնյաց ժառանգության հանդեպ պետք եղած հարգանքը չունի:

«Սա կրթական խնդիր է, մշակույթի նախարարությունը այստեղ իսկապես ոչինչ չի կարող անել: 25 հազար հուշարձան կա, ինչպե՞ս պետք է հսկի, գիշեր-ցերեկ պահակնե՞ր նշանակի»,- ասաց Կարապետյանը:

 

 

Թերթ.am

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...