Ռուս-ադրբեջանական առևտուր Լապշինի ճակատագրի գնով

By | 20.07.2017
Загрузка...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ միջազգային կառույցները պետք է շատ կոշտ արձագանքեն բլոգեր Լապշինի նկատմամբ Բաքվի դատարանի դատավճռին՝ երեք տարի ազատազրկում Արցախ այցելելու համար:

Լապշինի պատմությունն իհարկե շատ է հայտնի թե՛ իր ժամանակագրությամբ, թե՛ նաև լայն քննարկված մոտիվացիոն վարկածներով: Անկասկած ԼՂՀ նախագահի խոսնակը իրավացի է, որ այստեղ խնդիրը հայ-ադրբեջանական չէ, այլ միջազգային, քաղաքակրթական, հետևաբար միջազգային հանրության արձագանքը շատ կարևոր է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հայկական կողմի այդօրինակ արձագանքները ինքնին խնդիր են պարունակում իրենց մեջ՝ կարծես թե անելով ամեն ինչ, որ միջազգային արձագանքը ոչ միայն կոշտ չլինի, այլև չլինի ընդհանրապես:

Բանն այն է, որ միջազգային կառույցների առաջ դրվում է դիլեմա՝ կա՛մ կոշտ արձագանքում եք, կա՛մ դուք խավիարասեր եք, իսկ ահա Ռուսաստանի առաջ փաստորեն չի դրվում ոչինչ: Ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը՝ կհարցնեն երևի թե բանից անտեղյակները: Իսկ կապն այն է, որ Լապշինը ՌԴ քաղաքացի է: Իհարկե՝ ոչ միայն, նաև՝ Իսրայելի, բայց այդ պայմաններում տրամաբանականը այն կլիներ, որ միջազգային կառույցներին դիլեմայի առաջ դնելուց առաջ կամ դրան զուգահեռ՝ հայկական կողմը նույն դիլեմայի առաջ դներ նաև այն պետություններին, որոնց քաղաքացի է Լապշինը, և որոնց փաստորեն հասցրել է ապտակ Ադրբեջանը: Եվ որոնցից մեկը, ի դեպ, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորն է՝ դե յուրե:

Մինչդեռ Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը դատավճռից հետո արդեն հասցրել է հայտարարել, որ Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ: Այսինքն՝ Կրեմլը գործնականում ձեռքերը լվացել է Լապշինի գործից: Եվ այդ աղաղակող պահվածքի պայմաններում, երբ հայկական կողմից որևէ պաշտոնյա միջազգային հանրությանը դնում է կա՛մ կոշտ արձագանք, կա՛մ դուք խավիարասեր եք դիլեմայի առաջ, բայց լռում է Ռուսաստանի մասով, գործնականում ավելի վնասում է Լապշինի խնդրի միջազգայնացման գործին, քան հակառակը:

Քաղաքական հայտարարությունը կշիռ ունի այն դեպքում, երբ փաստարկված է ու տրամաբանված ամբողջությամբ: Միջազգային հանրության կոշտ արձագանքի կոչերը տրամաբանված և փաստարկված են կիսով չափ, ընդ որում՝ չկա առաջին կեսը, ոչ թե երկրորդ, որովհետև այդ կոչը պետք է հաջորդեր Ռուսաստանին ուղղված համանման կոչին և դիլեմային: Իհարկե՝ ոչ միայն Ռուսաստանին, նաև՝ Իսրայելին:

Պարզապես Ռուսաստանի պարագան այս դեպքում առանձնահատուկ է միանգամայն հասկանալի «դաշնակցային» կարգավիճակի պատճառով: Այլապես ստացվում է, որ հայկական կողմը ոչ թե Լապշինի շահն է փորձում պաշտպանել միջազգային հանրության օգնությամբ, այլ միջազգային հանրության վրա պատասխանատվությունը գցելով՝ ակամա պաշտպանում է Լապշինի ճակատագրի հաշվին կատարվող ռուս-ադրբեջանական առևտուրը:

Եվ այդ ամենով հանդերձ՝ գուցե հնարավոր է տեսականում դիտարկել տարբերակ, երբ Արցախը հատկապես այս պահին չի ցանկանում դժգոհություն առաջացնել Ռուսաստանում: Գուցե այստեղ կա քննարկելու խնդիր, բայց տվյալ պարագայում պետք չէ գոնե կոչեր հղել և դիլեմայի առաջ դնել միջազգային կառույցներին և նրանց վրա տեղափոխել պատասխանատվությունը, որից հրաժարվում է Ռուսաստանը: Պետք չէ ստանձնել ռուս-ադրբեջանական այդ առևտրի մանրուքների մեջ եղած «սատանայի» փաստաբանի ակամա դերը և այդպիսով վտանգի տակ դնել նաև Արցախի միջազգային ընկալումը որպես սուբյեկտ, երբ կա բացարձակապես հակառակի՝ սուբյեկտությունն ավելի ու ավելի արժևորելու խնդիր:

 

Հոդվածը` 1in.am կայքի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...