ՌԴ պետդումայի խոսնակը «հարամել» է Արա Բաբլոյանի առաջին պաշտոնական այցը ռազմավարական դաշնակից երկիր. «Հրապարակ»

By | 18.07.2017
Загрузка...

«Հրապաևակ» օրաթրեթը գրում է. «ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը երեկ «հարամել» է ԱԺ խոսնակի պաշտոնում Արա Բաբլոյանի առաջին պաշտոնական այցը ռազմավարական դաշնակից երկիր։

Պետդումայի խոսնակը, ի պատասխան Բաբլոյանի՝ Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքներով աշխատելու արգելքի մասին հարցին, առաջարկել է Հայաստանի իշխանություններին պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները։

«Երբ մենք քննարկել ենք այդ հարցը, մենք ընդգծել ենք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների նկատմամբ, որտեղ դա (ռուսերեն լեզվի պաշտոնական կարգավիճակը) ամրագրված է Սահմանադրությունում, ամրագրված է օրենսդրությունում»,- ասել է Վոլոդինը՝ խորհուրդ տալով․ «Ես կարող եմ միայն մի բան ասել՝ ամրագրեք այն (ռուսերենը) որպես պաշտոնական լեզու, եւ այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաեւ Հայաստանի Հանրապետությունը»։

Ի տարբերություն իր նախորդի՝ Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանը գործընկերոջ հետ շփվել է ռուսերենով, մինչդեռ Գրիգորիչը, տարիներ առաջ, երբ ռուսաստանյան էմիսարները կրկին շոշափում էին ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու հռչակելու թեզը, պաշտոնական այցերի ժամանակ հաղորդակցվում էր հայերենով՝ ընդգծելով հարգանքը սեփական լեզվի նկատմամբ։

Դեռ լավ է, որ Բաբլոյանն ու նրան ուղեկցող խորհրդարանական պատվիրակության մյուս անդամները տեղում հակադարձել են ռուս գործընկերոջը՝ ասելով, թե նման հարց չկա ու չի կարող լինել մեր օրակարգում, սակայն վարորդների հարցը լուծում չի ստացել։ Որոշել են համատեղ աշխատանքային խումբ ձեւավորել եւ քննարկումների արդյունքում գտնել լուծումներ։ Սակայն ՌԴ պետդուման երկու նիստից հետո արձակուրդ է գնում, եւ քիչ հավանական է, որ մինչեւ աշուն կանդրադառնա այս հարցին»։

Առավել մանրամասը՝  թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...