Ուկրաինայի սահմանապահները կարող են Սաակաշվիլիին թույլ չտալ մուտք գործել երկիր

By | 29.07.2017
Загрузка...

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Օլեգ Սլոբոդյանը հայտարարել է, որ եթե Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքացիությունից զրկվելուց հետո որոշի Ուկրաինա վերադառնալ, ծառայությունը կարող է նրան չթողնել մուտք գործել երկիր, գրում է korrespondent.net-ը։

«Կգործենք օրենքի շրջանակում։ Այն քաղաքացին, որն ունի չգործող անձնագիր, չունի Ուկրաինայի սահմանը հատելու հնարավորություն։ Եթե մարդը զրկվում է քաղաքացիությունից, նրա անձնագիրը ճանաչվում է անվավեր»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Սլոբոդյանը հայտնել է, որ ծառայության իրավասությասն մեջ չի մտնում մարդկանց ձերբակալելը։ «Իրավաբանորեն դա իրականացնում է Ազգային ոստիկանության ստորաբաժանումը»,- ասել է նա։
Ավելի վաղ Սաակաշվիլին «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ունի «շատ հնարավորություններ» Ուկրաինա վերադառնալու համար։
«Ուկրաինայում ես շատ կապեր ունեմ։ Ես նախկին ուկրաինացի սահմանապահ եմ։ Թող նա (Պյոտր Պորոշենկոն) այդ մասին չմոռանա։ Ես գիտեմ Ուկրաինայում բոլոր մուտքերն ու ելքերը»,- ասել է այժմ ԱՄՆ-ում գտնվող Սաակաշվիլին։
Նախկին նահանգապետը պատմել է, որ այժմ զբաղված է Համատեղ գործողությունների շտաբի ձևավորմամբ, և աշնանը պատրաստվում է երկրի բոլոր մարզերում հանդիպումներ անցկացնել, «մոբիլիզացնել մարդկանց և իշխանություններից պահանջել հիմնարար փոփոխություններ»։
Օդեսայի նախկին նահանգապետն ավելի վաղ հայտարարել էր, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու իրավունքի համար՝ չնայած, որ իշխանություններն իրեն զրկել են քաղաքացիությունից: Նա ասել էր, որ քաղաքացիությունից զրկվելուց հետո «կապրի Կիևում ու կքայլի Մայդանով»:
Հուլիսի 26-ին նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Հայտնի է, որ Վրաստանի նախկին նախագահն անկետա լրացնելու ժամանակ կեղծ տվյալներ է նշել: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում: Սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում:

tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...