ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԵՐԲԵՐՏ ԶԱԼԲԵՐԻՆ

By | 06.07.2017
Загрузка...

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, ով առաջիկայում տեղափոխվելու է այլ աշխատանքի: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հերբերտ Զալբերին պաշտոնավարման ընթացքում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել նոր գործունեության մեջ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության հետագա զարգացման հեռանկարին: Նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Նախագահ Սարգսյանը հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Միության տարածաշրջանային «Մադադ» հիմնադրամի կողմից Հայաստանում ապաստանած սիրիացի մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար:

Սերժ Սարգսյանը և Հերբերտ Զալբերն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և վերջերս ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումներին: Նախագահը մտահոգիչ է համարել, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը՝ մեծացնելով լարվածությունը և չանսալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է համարել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել լարվածության մեծացումից խուսափելու և դեպի բանակցային գործընթաց ճանապարհ հարթելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...