Նալբանդյանը ԵՄ ներկայացուցչին պատմել է ղարաբաղյան շփման գծում տիրող իրավիճակի մասին

By | 06.07.2017
Загрузка...

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբադյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։

ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրել է հուլիսի 4-ին Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում Բաքվի կողմից զինադադարի «կոպտագույն խախտումների» հետևանքով ստեղծված իրավիճակը։

«Արտգործնախարարը ևս մեկ անգամ կարևորեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անվերապահ իրականացումը, որոնք ուղղված էին 2016թ. ապրիլին՝ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով ու քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ ուղեկցված ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը և բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Բաքուն, խոչընդոտելով բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և հակառակ համանախագահ երկրների և միջազգային հանրության հորդորների և կոչերի, շարունակում է խորացնել թշնամական և այլատյացության քարոզչությունը, միտումնավոր սադրանքներ կազմակերպել, ինչի հետևանքով միայն անցյալ ամսվա ընթացքում Արցախի բանակի չորս զինծառայողներ զոհվեցին։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը, խորը մտահոգություն հայտնելով իրավիճակի սրման կապակցությամբ, ընդգծեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը Եվրոպական միության սկզբունքային դիրքոշումն է, և ԵՄ-ն անվերապահորեն սատարում է այս նպատակով եռանագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Դեսպան Զալբերը կարևորեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների պայմանավորվածությունների կատարումը»,- մասնավորապես, նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հուլիսի 5-ին Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ նախորդ օրը շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինված ուժերն արկակոծել են հայկական դիրքերը՝ կիրառելով նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Դրանից հետո ԼՂ Պաշտպանության բանակը պատասխան գործողությունների է անցել և հարվածել Ալխանլու գյուղում գտնվող կրակակետին։

 

 

«Ազատություն» ռ/կ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...