Կալանավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայողին արձակուրդ տալու համար կաշառք պահանջած անձը

By | 17.07.2017
Загрузка...

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր: Կոչումով մայոր, զորամասի դիվիզիոնի շտաբի պետ Պեպանյանը կալանավորվել է։Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:

Պեպանյանը 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հունիս ամիսը զբաղեցրել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը: Նախնական տվյալներով՝ նա իր լիազորությունների շրջանակներում, նույն դիվիզիոնի ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, մասնավորապես՝ 2015 թվականի դեկտեմբերին զորամասի հրամանատարի կողմից կարճաժամկետ արձակուրդ հատկացնելուն միջնորդելու համար, պահանջել է 40 հազար դրամ կաշառք։

Պահանջված գումարը զինծառայողի մայրը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին փոխանցել է նույն դիվիզիոնի մեկ այլ ժամկետային զինծառայողի կողմից օգտագործվող բանկային քարտի հաշվեհամարին:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մայորի կողմից դրամահավաքություն կատարելու վերաբերյալ. 2015 թվականի հունվարից մինչև 2016թ. մայիսը, իր ենթակայության տակ գտնվող դիվիզիոնի ժամկետային զինծառայողների շրջանում յուրաքանչյուր ամիս սանհիգիենիկ պարագաներ գնելու, դիվիզիոնում շինարարական աշխատանքներ կատարելու և այլ պատճառաբանություններով կազմակերպել և իրականացրել է դրամական բավարարումների` 1000-ից մինչև 3400-ական դրամի չափով հավաքագրում:

Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը) և 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...