Լոռիում գայլերն անասուններ են հոշոտել.«Առավոտ»

By | 13.07.2017
Загрузка...

Լոռու մարզի Դեբեդ համայնքի բնակիչները վախենում են իրենց անասուններին սար տանել: Համայնքի շատ ընտանիքների միակ ապրուստն անասնապահությունն է, սակայն արդեն բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ գայլը հարձակվել ու հոշոտել է հորթերին:

-Մեր հորթն էլ է կերել մի քանի օր առաջ: Ամեն օր էլ հարձակվում են: Հենց էսօր էլ իմացանք, որ սարում գայլը նորից հորթ է կերել,-ասում է համայնքի բնակիչ Խոսրով պապը: Դեբեդ գյուղի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանի ընտանիքին եւս գայլերը վնաս են հասցրել:

Մի քանի օր առաջ էլ գայլը հոշոտել է այս ընտանիքին պատկանող հորթը. «Ամենացածր գնով, եթե հաշվենք, կոնկրետ մեր ընտանիքին մի 60.000 դրամի վնաս է հասցվել: Բայց կան ընտանիքներ, որոնք միայն անասնապահությամբ են զբաղվում, եւ իրենց կենսակերպի ապահովման միակ աղբյուրը դա է հանդիսանում, իրենց վնասն ավելի զգալի է: Քանի որ իրենք նպատակ ունեն հորթը պահեն, մեծացնեն, որ ձմռանը գոյատեւման հարցերը լուծեն»:

Այս տարվա ընթացքում համայնքի ավելի քանի 15 ընտանիք գայլերի հարձակումներից բազմաթիվ կորուստներ է կրել: Գայլերը նույնիսկ գյուղ են հասել, ձիու քուռակ ու ավանակ հոշոտել: Բնակիչներն ասում են, որ իրենք փոխհատուցում ստանալու խնդրանքով պատկան մարմիններին երբեւէ չեն դիմել: Ասում են, միեւնույն է, դրանից ոչինչ չի փոխվելու.

«Ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք, տենց բան չկա: Գյուղացուն էն ո՞վ ա հաշվի առնում, որ մի հատ էլ փոխհատուցում տան»,-ասում է Խոսրով պապը: Աշոտ Ղազարյանն էլ կարծում է, որ խնդրով պետք է զբաղվեն համապատասխան նախարարությունները. «Շատ դեպքեր են եղել, բայց ոչ մեկին չենք դիմել, որովհետեւ փոխհատուցում չէր լինելու:

Բայց նաեւ չի կարելի այդ հարցը բարձիթողի վիճակում թողնել: Պատկան մարմիններն այնպիսի միջոցառումներ չեն իրականացնում, որ վնասները նման ծավալների չհասնեն: Ունենք բնապահպանության, գյուղատնտեսության նախարարություններ, բայց թե ինչո՞վ են զբաղվում, չգիտենք: Հեռուստացույցով խոսում են` հավեսդ գալիս է, բայց գործնականում գյուղացուն որպես օգուտ, ոչ մի բան դեռ արած չկան: Կոնկրետ Դեբեդ գյուղի բնակիչը` որպես գյուղացի, չգիտի տենց դեպք, որ պատկան մարմինների կողմից կատարված քայլերը, կամ ընդունած որոշումները իրենց օգուտ են տվել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...