Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը, խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

By | 20.07.2017
Загрузка...

Արդեն 1.5 ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց թաղամասի տարածքում։

Մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են չբացել այն, մինչև 1 տարուց ավելի իրենց խնդիրը չլուծվի, իսկ խնդիրը կայանում է նրանում, որ բնակիչները 1 տարուց ավելի է՝ ունեն ջրի խնդիր։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ Ջրմուղը «իրենց հետ տունտունիկ է խաղում». ամեն օր ջուրը տալու հարցում «ռսի զավտրա է խաղում».

«Համբերության բաժակն արդեն լցվել է։ Անգամ դիմել ենք Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, սակայն ոչ մի արդյունքի չենք հասել։ Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ չփակե՞նք ճանապարհը։ Մենք էլ գիտենք, որ դա քաղաքակիրթ չէ, բայց եթե պատկան մարմինները նման քար անտարբերություն են ցուցաբերում մեր նկատմամբ, մենք էլ ստիպված դա պետք է անենք»։

Այս պահին ժամանել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Բնակիչները հրաժարվում են ճանապարհը բացել, մինչև խնդիրը չլուծվի. «Մենք նրանցից ոչինչ չենք ուղում։ Գոնե օրը 6 ժամ ջուր տան»։ Բնակիչներն էլ ավելի են զայրացած, որ չստացված ջրի դիմաց Ջրմուղը բայղուշի նման առավոտ շուտ դուռը ծեծում ու գումար է պահանջում. «Ստացվում է՝ ծորակներից օդ է գալիս, բայց մենք վճարում ենք կատարում։ Խնդրում ենք պատկան մարմիններին՝ հարցը լուծեն, հակառակ դեպքում շարունակելու ենք մեր ակցիան»։

*** Քիչ առաջ ժամանեց նաև Էջմիածնի քաղաքապետ Կ. Գրիգորյանը, և բնակիչները, հավատալով քաղաքապետին ու Վաղարշապատի ոստիկանապետ Գ. Հակոբյանին, ժամանակավորապես բացեցին ճանապարհը, իսկ ժամանած Ջրմուղի ներկայացուցիչն էլ հայտնեց, որ ինքն ընդունում է բնակիչների արդարացի բողոքը, սակայն այնպես չէ, որ իրենք աշխատանքներ չեն կատարում, պարզապես նախորդ ընկերության կողմից ստացած «ժառանգությունը» գտնվում է անբարվոք վիճակում. մեծ թվով ջրի խողովակներ «դարն ապրած են» և իրենց կողմից էլ բազմաթիվ ապօրինի ջրագծեր են հայտնաբերվել ու խոստացավ, որ մինչև երկուշաբթի 2-3 ժամ կտրվածքով բնակչությանը կմատակարարվի ջուր, իսկ երեքշաբթի օրվանից կանոնավոր ջրամատակարարում կլինի։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...