Թուրքիայում հեղաշրջման փորձն իր ազդեցությունը չունեցավ անձնապես հայ համայնքի վրա․ Բագրատ Էստուկյան

By | 17.07.2017
Загрузка...

Մեկ տարվա ընթացում Թուրքիան ամբողջապես մենատիրական կարգերի գնաց․ Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով ուղիղ մեկ տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո եղած զարգացումները՝ ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Հանրապետության նախագահը, բոլոր լիազորություններն իր ձեռքում պահելով, լիարժեք ազատություն ստացավ: Մանավանդ ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո օրինականացավ նրա այդ մենաշնորհը: Խորհրդարանն այլևս կորցրեց իր նշանակությունը: Կարելի է ասել հանրապետության նախագահի ցանկությունները վավերացնող նոտար է դարձել այն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալություններ երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Բագրատ Էստուկյանը մատնանշեց՝ հեղաշրջման փորձից հետո բազմահազար մարդիկ ձերբակալվեցին․ հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրվեցին թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին սատարողները, ինչպես նաև՝ շատ այլ անմեղ և գյուլենականների հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ հայտնվեցին  բանտերում, հետապնդումների և հալածանքների ենթարկվելով:

«Պաշտոնազուրկ եղածների թիվն արդեն հասել է 150 հազարի: Երկիրը խիստ անկայուն վիճակում է գտնվում, և կարևոր անհանգստություն է տնտեսական անկայունությունը, որովհետև ներդրումներն են պակասել, կարելի է ասել, որ օտարերկրյա ներդրողներն սկսել  են իրենց  ներդրումներն այլ երկրներ տանել, փոխանակ այստեղ պահելուն»,- ասաց նա:

Բագրատ Էստուկյանի խոսքով՝ սեփական երկրում նման քաղաքականություն վարելով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նպատակ ունի նաև արտաքին քաղաքականությունում հաջողություններ հասնելու, սակայն դա նրան, ըստ Էստուկյանի, չի հաջողվի: «Էրդողանը կամ Թուրքիայի իշխող կուսակցությունը, իշխող գաղափարախոսությունը ցանկանում է, որ Միջին Արևելքում կարևոր դերակատարում ունենա, այդ առումով շահագործեց Սիրիայի հիմնախնդիրը և ձախողեց իր քաղաքականությունը»,- ասաց նա:

«Ակոսի» խմբագիրը նշեց, որ Էրդողանի խնդիրներն  այս ընթացքում շատացան նաև ներքաղաքական կյանքում՝ քրդական հիմնախնդրի հետ կապված: «Բավականին քրդաբնակ քաղաքներ կործանվեցին, քրդական տարածքներում այժմ իննսուն տոկոսով քչացած բնակչություն կա»,- ասաց նա:

Բագրատ Էստուկյանը նկատեց, որ Էրդողանն իր իշխանության վերջին տարիներին կարողացավ իր շուրջը համախմբել Թուրքիայի ազգայնական խմբերին, ինչից տուժեցին ընդդիմադիր ոչ աշխարհիկ կուսակցությունները: «Հատկապես շատ տուժեց Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդները, տասը պատգամավորները հիմա բանտերում են»,- ասաց նա:

Բագրատ Էստուկյանի խոսքով՝ հեղաշրջման փորձն իր ազդեցությունը չունեցավ անձնապես հայ համայնքի վրա: «Ընդդիմադիրների վրա է այն ազդեցություն ունեցել, նշանակություն չուներ՝ գյուլենական էիր, թե՝ ոչ: Նրանք, ովքեր կառավարությանը, Էրդողանին դեմ էին, այս ընթացքում տուժեցին, բայց հատուկ հայերի համար ժխտական զարգացումներ չեղան»,- ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...