«Թափուր տեղերի խնդիրը բուհերի գործն է, ի՞նչ պետական գործ սարքեցիք». Աշոտ Բլեյան

By | 20.07.2017
Загрузка...

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով՝ օրենքով բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավասությունն է դիմորդների ուսումնական գործընթացի կազմակերպումը, հետևաբար՝ թափուր տեղերի խնդիրը բուհերի գործն է.

«Թող իրենք իրենց ընդունելությունը կազմակերպեն: Ի՞նչ պետական գործ սարքեցիք: Ազգովի սկսել ենք անհանգստանալ, խոսել դրա մասին, չեմ հասկանում՝ ուրիշ թեմա չունե՞նք խոսելու»,- ասաց Աշոտ Բլեյանը:

Աշոտ Բլեյանը նշեց, որ 2017 թվականին պաշտոնական տվյալներով՝ 12-ամյա կրթությամբ շրջանավարտների թիվը 19.618 է: ԳԹԿ-ում գրանցված է 90073՝ առանց ներբուհականի: Նրա խոսքով՝ երբ կառավարությունը հաստատեց որոշում, ըստ որի՝ բուհերում ընդունելության վճարովի և անվճար տեղերի քանակը 20.000 էր, արդեն պարզ էր, որ այն, դեպքում եթե կա 10.000 դիմորդ, ապա բոլորն էլ ընդունվելու են:

Նրա պնդմամբ՝ կառավարության հայտարարած թվից 10.000 ավելի թափուր տեղ են ներկայացրել:

«Ի՞նչ է, ենթադրվում էր, որ Հայաստան պետք է ներգաղթե՞ր այդքան շրջանավարտ, որ դիմեր ՀՀ բուհեր: Սա լուրջ չի: Այս թեման արհեստական է ստեղծված: Բուհերը լուրջ մոտեցում պետք է ցուցաբերեն»,- նշեց բանախոսը:

Աշոտ Բլեյանի կարծիքով՝ շատ լավ կլինի, որ առաջիկա մեկ-երկու տարում բուհերն իսկապես լիարժեք իրենց ակադեմիական և վարչական ազատությամբ հանդես գան և ցույց տան, որ ընդունակ են հասարակությանը մասնագիտական գրավիչ ծառայություն մատուցել:

Բանախոսի դիտարկմամբ՝ Կառավարությունը հասարակության պահանջով ուրիշ բան պետք է անի. պետք է հստակ ռեգիստր վարի, թե որ շրջանավարտն ուր գնաց, որտեղ սովորեց, ինչքան ստացավ: Եվ բուհ դիմելուց առաջ պետք է դիմորդը բացի այդ ռեգիստրը և ուսումնասիրի վերջին 5 տարին և ըստ դրա էլ՝ որոշում կայացնի:

«Միայն Ֆրանսիական համալսարանն է իր կայքում անուն-ազգանունով նշել, թե իր շրջանավարտները որ բաժինն են ավարտել, որտեղ են աշխատում: Իսկ Պետական համալսարանի կայքում որևէ նշում չեք գտնի, թե որտեղ են աշխատում»,- հավելեց բանախոսը:

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...