Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ԼՂ հակամարտության թեման

By | 10.07.2017
Загрузка...

Ստամբուլում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

Ալիևը ևս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման առնչությամբ, ինչպես նաև պատմել վերջին օրերին շփման գծում տեղի ունեցած դեպքերի իր տարբերակը:

Ինչպես հաղորդվում է՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունները բարեհաջող կերպով զարգանում են տարբեր՝ այդ թվում քաղաքական և էներգետիկ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել «Հարավային գազային միջանցք» նախագծի վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել այդ նախագծին:

Ավելի վաղ ԼՂ-ի (Արցախի հանրապետության) պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 4-ին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով՝ հակառակորդն ունի կորուստներ:

Tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...