Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շնորհավորելով արվեստագետին և նրա տիկնոջը` նոր բնակարան ստանալու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:

-Արդեն մի քանի տարի է՝ Հանրապետության Նախագահի առաջարկով բարի ավանդույթ ենք դարձրել մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին նոր բնակարաններ նվիրելը: Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց տաղանդով և մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը: Ի սրտե շնորհավորելով՝ մաղթում եմ, որ առողջ վայելեք ձեր նոր բնակարանը, – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ արվեստագետին մաղթելով նաև ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Լիպարիտ Ավետիսյանին Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց տրամադրելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայիսի 30-ին տեղի ունեցած Երևանի ավագանու 2-րդ գումարման վերջին նիստում:

 

Culture

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով