Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

Հունիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նիստի օրակարգում ընգրկված են եղել «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը սահմանելու մասին», «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» եւ «ՀՀ ԱԺ աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշումների նախագծերը, որոնք քննարկումների արդյունքում հաստատվել են ԱԺ խորհրդի անդամների կողմից:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ — քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը ներկայացրել է «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը վերաբերում է մշտական հանձնաժողովների լիազորությունների իրականացմանը, հերթական եւ արտահերթ նիստերի անցկացման կարգին, նիստը նախագահողի լիազորություններին, հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման հերթականությանը եւ հանձնաժողովների աշխատանքային գործունեությանը վերաբերող այլ հարցերի:

Պարոն Սողոմոնյանը մանրամասնել է նաեւ «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծով նախատեսվող դրույթները. հստակ սահմանվում են հանձնաժողովների նիստերի հրավիրման օրերը եւ ժամերը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ ԱԺ աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որով սահմանվում են աշխատակազմի հիմնական խնդիրները, գործառույթները, կառուցվածքը եւ կառավարումը, հայեցողական պաշտոնյաների, պետական ծառայողների եւ մյուս աշխատողների իրավական վիճակը եւ հիմնական գործառույթները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավական վիճակն ու հիմնական գործառույթները եւ այլ դրույթներ: Պարոն Սաղաթելյանը նշել է, որ այս փուլում առաջարկվում են կառուցվածքային որոշ փոփոխություններ, որոնք առաջիկայում լինելու են շարունակական: Այս համատեքստում նա խոսել է նաեւ ԱԺ աշխատակազմում իրականացվելիք կադրային քաղաքականության եւ աշխատակազմի օպտիմալացման վերաբերյալ: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ փոփոխությունների նպատակն ԱԺ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելն ու աշխատակազմն արհեստավարժ մասնագետներով համալրելն է:

ՀՀ ԱԺ խորհրդի անդամները մի շարք բովանդակային եւ խմբագրական առաջարկներ են ներկայացրել:

ԱԺ խորհրդի անդամների որոշմամբ արտահերթ կարգով քննարկվել եւ հաստատվել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմը:

Նիստի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հնարավորություն կտա պատգամավորի աշխատասենյակի եւ դահլիճի համակարգիչները միացնելով իրար` ունենալ աշխատանքային մեկ ընդհանուր հարթակ: Պարոն Բաբլոյանը նշել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհիվ պատգամավորները նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնություններին կարող են ծանոթանալ էլեկտրոնային եղանակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով