Վարչապետը հանձնարարել է գույքագրել կարկուտի պատճառած վնասները և ներկայացնել համապատասխան առաջարկություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարը նախ և առաջ անդրադարձել է 2017 թ. հունիսի 12-ին հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների վերացման հարցին. «Կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսությունները: Հանձնարարում եմ ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Արմավիրի մարզպետին՝ եռօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով պատճառված վնասները և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք»:


Կպարզեցվի երկակի նշանակության ապրանքների, արտադրանքի արտահանման և ներմուծման վարչարարությունը

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր երկակի նշանակության ապրանքների, արտադրանքի արտահանման և ներմուծման վարչարարության պարզեցմանը: «Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում չափազանց կարևոր է ստեղծել նման արտադրանքների արտահանման և ներմուծման համար բարենպաստ և հստակ պայմաններ: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների, ծածկագրային միջոցների և այլ սարքերի ներկրման և արտահանման գործող կարգերը տնտեսվարողների համար համար հստակ և կանխատեսելի չեն, ինչպես նաև ժամանակատար են: Նշված խնդիրը հարկավոր է լուծել գործող փաստաթղթավորման պահանջների և իրականացվող վարչարարության պարզեցմամբ», — նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության նախարարներին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և առաջարկել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահին՝ երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել հստակ ձևակերպված առաջարկություններ «Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառմամբ՝ վերոնշյալ ապրանքատեսակների արտահանման և ներմուծման վարչարարության պարզեցման և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար կանխատեսելի և մատչելի դարձնելու մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում համագործակցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ:
Կապահովվի էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված կայքի արդյունավետությունը
Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել նաև էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված կայքի արդյունավետության ապահովման վերաբերյալ: «2017 թ. հունվարին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք՝ իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft.am հարթակը: Նշված հարթակը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնության աշխատանքներին` ծանոթանալով տեղադրված նախագծերին և ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ: Արդյունքում ապահովվում է հանրային քննարկումներ իրականացնելու և հասարակության հետ հետադարձ կապի ապահովման մեր կողմից սահմանված պահանջները:
Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերի նշյալ հարթակում պատշաճ կերպով տեղադրելու, ներկայացված առաջարկություններին արձագանքելու և համապատասխան ամփոփաթերթն ու տեղեկանքը ՀՀ կառավարություն ներկայացնելու պահանջի կատարումը»,-
ընդգծել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է  հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ խստորեն հետևել հանրային քննարկման ենթակա ՀՀ օրենքների և կառավարության որոշումների նախագծերի www.e-draft.am կայքում պատշաճ կերպով տեղադրված լինելուն, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու պարտադիր պահանջի պահպանմանը, իսկ արդարադատության նախարարին հանձնարարել է մեկամսյա ժամկետում իրականացնել լայնածավալ լուսաբանման աշխատանքներ կայքի հնարավորությունների մասին և պարբերաբա զեկուցել ընթացքի վերաբերյալ:

 

Գործադիրը ևս 3 ընկերության արտոնություն է տրամադրել ներդրումային ծրագրեր իրականացնելու համար

Կառավարությունը որոշել է բավարարել «Սյունիք ֆուդ» ՓԲԸ ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Վարչապետը հետաքրքրվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից՝ արդյոք սահմանված ժամկետում իրականացվո՞ւմ են այս ձեռնարկություն իր կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարը զեկուցել է, որ ծրագիրը մի փոքր ուշանում է՝ կապված ոչ թե «Սյունիք ֆուդ»-ի, այլ մատակարարվող սարքավորումների հետ. մատակարարող կազմակերպությունը որոշակի խախտումներ է թույլ տվել, բայց ժամկետային շեղումը շատ չէ:
Գործադիրի համապատասխան որոշումներով «Մեդիկալ հորիզոն» և «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ները ևս կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Դա կխթանի նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, տեղական արտադրությունն ու արտահանումը:
Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել կրկնակի հարկումը բացառելու ուղղությամբ միջազգային համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները
Կառավարությունը որոշում է կայացրել 2006 թ. նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակում ՀՀ և ՂՀ պետական մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից տրամադրված և զինանշանի կնիքով հաստատված փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (և հակառակը) առանց որևէ այլ հատուկ հավաստման, այդ թվում նաև՝ առանց ապոստիլով հաստատման կամ հյուպատոսական վավերացման:
Վարչապետ Կարապետյանը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է՝ արդյոք դիտարկվո՞ւմ է այլ երկրների հետ ևս նման կոնվենցիաներ ստորագրելու անհրաժեշտությունը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ կա ծրագիր, որի շրջանակում Հայաստանը բանակցում է կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շուրջ: Միևնույն ժամանակ անցած շաբաթ Հայաստանը միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) բազմակողմ ձևաչափով համաձայնագրին, որով ընդհանուր կանոններ են սահմանվում կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր արդեն իսկ ունեցող 46 երկրի հետ, ինչը, նախարարի բնորոշմամբ, բավական լավ առաջընթաց է: Շուրջ 30 երկիր ևս, այդ թվում՝ նաև այն երկրները, որոնց հետ Հայաստանն արդեն բանակցություններ է նախաձեռնել, այդ բազմակողմ ձևաչափով համաձայնագրին միանալու հայտ է ներկայացրել:
«Պետք է հստակ ծրագիր դնենք՝ ո՞ր երկրների հետ կարող ենք հեշտացնել այս գործընթացը,  աշխուժացնել բիզնեսը: Եթե նման կոնվենցիաներ ունենք, արդեն պետք է իմպլեմենտացիա անենք, եթե ոչ՝ նախաձեռնենք», — ասել է վարչապետ Կարապետյանը՝ հանձնարարելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկ շաբաթվա ընթացքում տեղեկանք ներկայացնել այս ուղղությամբ անելիքների վերաբերյալ:

Փոփոխություններ կկատարվեն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքներում
Կառավարությունը հավանություն է տվել ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Գործող օրենքը, 2005 թ. ՀՀ սահմանադրության փոփոխություններին համապատասխան, ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված գործընթացի հիմք էր սահմանում ՀՀ Նախագահի հրամանագիրը և գործընթացի առաջնային ապահովման ուղղությամբ ՀՀ Նախագահի իրավասությունները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է ՀՀ կառավարությանը, որի արդյունքում օրենքում վերանայումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Նախագծի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, և ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները:
Գործադիրը հավանություն է տվել նաև ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ Նախագահը: 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նոր խմբագրությամբ շարադրված ՀՀ Սահմանադրության ուժով ՀՀ-ն անցում է կատարել կառավարման խորհրդարանական ձևին: Այս հանգամանքով պայմանավորված` Նախագահի որոշ գործառույթներ, լիազորություններ այլևս պետք է իրականացնեն, մի դեպքում, ՀՀ կառավարությունը, մյուս դեպքում` ՀՀ վարչապետը: Նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, և անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:
Օրենսդրական նախաձեռնությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Կառավարությունը վերաբաշխումներ է կատարել ՀՀ պետական բյուջեում

Գործադիրը որոշումներ է ընդունել ՀՀ 2017 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2016 թ. դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Առաջին որոշմամբ ՀՀ Նախագահի աշխատակազմին 2017 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից 50,178.2 հազ. ՀՀ դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող օպտիմալացման արդյունքում աշխատակիցների ընդհանուր թվի (27 հաստիքային միավորով) և ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատմամբ (15 միավորով), ինչպես նաև «Ազնավուր» հիմնադրամին գույքի նվիրաբերման արդյունքում պահպանման ծախսերի կրճատմամբ և «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախահաշվում ու հաստիքացուցակում փոփոխություններով:
Երկրորդ որոշմամբ ՀՀ 2017 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 144,031.10 հազ. ՀՀ դրամ, որից առաջին կիսամյակում՝ 10,031.1 հազ. ՀՀ դրամը, 9 ամսում՝ 94,031.1 հազ. ՀՀ դրամը՝ որպես ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամին աջակցություն:

Այլ որոշումներ
Սեյսմիկ պաշտպանության բնագավառի մարմիններում բարեփոխումների շրջանակում գործադիրը որոշում է ընդունել «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ները «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ը «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ վերանվանելու մասին: Որոշմամբ կօպտիմալացվեն սեյսմիկ պաշտպանության բնագավառի մարմինները, կառուցվածքային և հաստիքային փոփոխությունների, խնդիրների վերաբաշխման միջոցով կբարձրանա գործունեության արդյունավետությունը, և տարեկան կտնտեսվի 76.5 մլն ՀՀ դրամ:
Կառավարությունը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից բուսասանիտարիայի բնագավառում տնտեսվարողների մոտ իրականացվող ստուգումների ստուգաթերթը: Արդյունքում ակնկալվում է բուսասանիտարիայի ոլորտում ստուգումների պարզեցում, թափանցիկություն, ռիսկերի գնահատման անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծում, արդյունավետ և հետևողական վերահսկողության իրականացում:
Գործադիրը սահմանել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված գործունեության իրականացման համար լավագույն տեխնոլոգիաների ներդրման չափորոշիչները և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման կարգը: Որոշումների ընդունմամբ, նախ, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրման միջոցով կնվազեցվի թափոնների գոյացման ծավալը և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցությունը, ինչպես նաև կսահմանվեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում մշտական դիտանցման կարգը և ընդերքօգտագործողի՝ դիտանցման մասին հանրային տեղեկություններն իր պաշտոնական կայքում և այլ հարթակներում հրապարակելու պարտավորությունը:

Նմանատիպ նորություններ

«Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, ո... Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միևնույն հար...
«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով