Սերժ Սարգսյանը գնում է կռվի՞, թե՞ հաշտության

Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել, որտեղ հունիսի 22-ին կմասնակցի ԵԺԿ գագաթնաժողովին: Սարգսյանը վերջին անգամ Բրյուսելում էր խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ՝ փետրվարի 26-28-ը, և այդ ընթացքում էլ հայտարարվեց, որ Հայաստանի ու Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունն ավարտվել է:

Դրանից հետո Երևանում, արդեն նախընտրական քարոզարշավի ընթացքում համաձայնագիրը նախաստորագրվեց, ընդ որում բավականին անաղմուկ, այսպես ասած՝ անաղմուկ ընտրության շղթայում: Դրան հաջորդեց ընտրությունը, որին էլ հաջորդեց Եվրամիության համեմատաբար բարձր գնահատականն այդ ընտրությանը, իհարկե նախորդ գնահատականների հետ համեմատության մեջ: Ընդ որում, մինչ այդ հայտարարվում էր, որ համաձայնագրի ստորագրումը սպասվում է մայիսին, սակայն դրանից հետո պարզվեց, որ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին:

Ինչո՞ւ մայիսը դարձավ նոյեմբեր՝ պարզ չեղավ, հղում արվեց տեխնիկական բարդություններին, ԵՄ անդամ 28 երկրների համաձայնություններին և այլն: Ժամանակի ընթացքում սակայն սկսեցին հնչել կասկածներ, որ Հայաստանը կարող է իրապես ստորագրել համաձայնագիրը և չի կրկնվի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի պատմությունը: Այդ մտահոգությունների կրակին ոչ միայն շշով, այլ ըստ էության դույլով ջուր լցրեց ընդամենն օրեր առաջ ծագած սկանդալային պատմությունը, երբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ու մյուս ՀՀԿ-ականներն ուղղակի բավականին կոշտ արձագանքի արժանացրին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու, կարծես թե, ընդհանուր առմամբ սովորական հայտարարությունը, որակելով այն ներքին գործերին միջամտություն:

Բանավեճը շարունակվում է առ այսօր, քանի որ ՀՀԿ-ականներն առ այսօր շարունակում են այդ գնահատականները: Իսկ դա չի կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի հավանության: Փաստորեն, Սերժ Սարգսյանը՝ Բրյուսել ԵԺԿ գագաթնաժողովի է մեկնում առնվազն դեսպանի մակարդակով Եվրամիության հետ սկանդալի պայմաններում, որի հրահրողը ըստ էության հենց պաշտոնական Երևանն է: Թե որն է դրա նպատակը, պարզ չէ: Շատերը կարծիք են հայտնում, որ Ռուսաստանը Երևանին հերթական անգամ ճնշում է և չի ուզում ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը, և այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանն առիթ է փնտրում: Կա տեսակետ, որ Սարգսյանի համար այդ սկանդալը միջոց է Եվրամիության հետ իր քաղաքական ապագայի հարցերը քննարկելու և իր համար ցանկալի ընթացք ապահովելու համար:

Ինչի համար է Սարգսյանը մեկնում Բրյուսել՝ «կռիվը» ավելի բարձր մակարդակով շարունակելո՞ւ, հաշտություն կնքելո՞ւ, թե՞ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից առաջ, այսպես ասած՝ խաղարկելով սկանդալային պատմությունը Եվրամիությունից իր ծրագրերի քաղաքական աջակցություն ստանալու, հակառակ դեպքում՝ սպառնալով հրաժարվել ստորագրումից:

Իհարկե հարաբերական է ասել, որ Եվրամիության համար դա կլինի սպառնալիք, քանի որ այդ համաձայնագիրն ըստ էության Հայաստանին է պետք ավելի, քան Եվրամիությանը: Բայց, անկասկած, Բրյուսելի համար էլ կարևոր է Հայաստանի հետ հասնել գոնե այդ փաստաթղթի ստորագրմանը: Այսպես թե այնպես, Հայաստան-ԵՄ այս աղմուկն ինքնին արդեն հարված է Հայաստանին, եթե նկատի առնենք, օրինակ, այն, որ Եվրամիության հետ մեկ էլ այդօրինակ «բազարների» մեջ են Էրդողանը, Պուտինն ու Ալիևը: Հայաստանը մի անգամ արդեն իսկ չափազանց ծանր գին է վճարել այդ եռյակի հետ մեն մենակ մնալով:

 

 

 Հոդվածը` 1in.am -ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով