ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՆԱԼՈՒ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Շառլ Ազնավուրի տուն-թանգարան, որտեղ տեղի է ունեցել պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությունը:
                                                                             ***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը
Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությանը

Հարգելի՛ բարեկամներ,

Սիրելի՛ Շառլ,

Շատ ուրախ եմ այսօր գտնվելու այստեղ, այս լավ, ջերմ միջավայրում՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում, որի առկայությունը Երևանում պատիվ է բերում ոչ միայն Երևանին, այլ մեր ողջ հասարակությանը:

Երևանը հարուստ է տեսարժան վայրերով, պատմամշակութային վայրերով, մշակույթի օջախներով, բայց այս տուն-թանգարանը հարստացնում է Երևանը, նոր լիցք է հաղորդում մեր մշակութային կյանքին: Շառլ Ազնավուրն արդեն վաղուց ներկայացնելու կարիք չունի. նա արդեն հանրահայտ է՝ Մաեստրո՛, և մենք երջանիկ ենք, որ քո ժամանակակիցն ենք, որ մենք կարողանում ենք պարբերաբար վայելել Ձեր արվեստը, Ձեր կատարումները: Իրոք, Դուք ոչ միայն երգում եք, ավելի շուտ՝ ոչ թե երգում եք, այլ կատարում եք, որովհետև Ձեր յուրաքանչյուր երգ մի ամբողջական ներկայացում է:

Ազնավուրն այսօր լեգենդ է՝ քայլող լեգենդ, և այդ լեգենդը պատկանում է ո՛չ միայն Ֆրանսիային, ո՛չ միայն Հայաստանին, հայ ժողովրդին, այլ համայն մարդկությանը:

Հայ-ֆրանսիական հարաբերությունները շաղկապված են հազարավոր թելերով, և դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ Ֆրանսիայի վերջին երեք նախագահները՝Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդն այցելել են Հայաստան, ընդ որում՝ Օլանդը երեք անգամ. նախագահի պաշտոնում՝ երկու անգամ: Ես հույս ունեմ, որ նորընտիր նախագահ պարոն Էմանուել Մակրոնն այս ավանդույթը կշարունակի, Մաեստրո՛, և մենք Ձեզ հետ միասին նրան կդիմավորենք այս տուն-թանգարանում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք, որպեսզի կարողանանք վայելել Ձեր արվեստը: Շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք Երևանում ունենալ տուն-թանգարան: Դա մեզ համար պատիվ է, և վստահ եղեք, որ այդ պատիվը մենք արժանապատվորեն ենք կրելու:

Շնորհակալ եմ և շնորհավորում եմ բոլորիս:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով