Մեկնարկում է «Սասնա ծռեր»-ի դատավարությունը

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելուց 11 ամիս անց մեկնարկում է «Սասնա ծռեր» զինված խմբի դատավարությունը:

Այսօր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կսկսի քննել քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը: Գլխավոր դատախազությունն այսօր հայտարարեց, որ ևս 18 մեղադրյալի գործ ուղարկել է դատարան:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և այլոք, անցած տարի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության և շտապբուժօգնության աշխատակիցներին, գույք ոչնչացրել։

Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իշխանությանը։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրում է Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ «Սասնա ծռեր»-ի անդամները պնդում են, թե ապստամբության փորձ էին արել՝ իշխանափոխության նպատակով։

«Սասնա ծռեր»-ից Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը մեղադրվում են նաև 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ։

Բացի ոստիկանության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից, դատարանն այսօր կքննի նաև խմբին օժանդակելու մեջ մեղադրվող անձանց՝ ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործերը։

Եղնուկյանը, ըստ նախաքննական մարմնի, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք անձանց բանտերից ազատ արձակելու պահանջներ է ներկայացրել, դրանից հետո էլ տեղեկություններ, խորհուրդներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով օժանդակել է զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելուն և պատանդներին պահելուն։

Խաչատուր Գիչյանն էլ` Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման համար պահանջներ ներկայացնելուն օժանդակելու դիտավորությամբ խոստացել է, իսկ հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամներին է տրամադրել իր տիրապետման տակ գտնվող «ԿռԱԶ-256 Բ1» մակնիշի 09 SS 424 մակնիշի բեռնատար ավտոմեքենան՝ այդ կերպ օժանդակելով հանցավոր արարքի կատարմանը։

Անցած ամռանը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի գործով ավելի քան 60 մարդ է անցնում, որոնց հիմնական մասը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք զինամթերք հափշտակելու, կրելու, փոխադրելու, շենք շինություններ գրավելու, պատանդ վերցնելու, գույք ոչնչացնելու մեջ:

 

«Ազատություն» ռ/կ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով