ՀՀ-ն պատասխանեց Բաքվին ԵԽ-ում. կսկսվի՞ իրավական գործընթաց Ադրբեջանի դեմ. 1in.am

Եվրոպայի խորհրդում (ԵԽ) սկսվել է ուշագրավ մի գործընթաց, որը կարող է հանգեցնել ԵԽ Նախարարների կոմիտեում Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելուն և նույնիսկ անդամակցության դադարեցմանը: Որոշումը կայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի առաջարկով, որը կապված է Ադրբեջանի մասին ՄԻԵԴ-ի վճիռների կատարման խնդրի հետ:

ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը Հայաստանի նման նախաձեռնությունը բացատրում է երկու հիմնական դրդապատճառներով, որոնցից մեկը արժեքային դաշտում է, մյուսը՝ քաղաքական: Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ պետությունները ստանձնում են որոշակի պարտավորություններ, որոնք ընդհանուր առմամբ եվրոպական արժեհամակարգի շրջանակներում են: Խոսքը ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ հիմնարար ինստիտուտների ու արժեքների մասին է:

«Եթե դու ինչ-որ մի արժեհամակարգի բաժնետեր ես և տեսնում ես, որ տվյալ կազմակերպությունում կան երկրներ, որոնք մասնակցում են այդ  ընդհանուր գործին, բայց չեն համապատասխանում այդ արժեքներին, ապա իրավունք ունես բարձրաձայնել դրա մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Թևան Պողոսյանը:

Բայց կա նաև մեկ այլ՝ ավելի կարևոր դրդապատճառ, որը ստիպում է հայկական կողմին գնալ նման քայլի: Բնականաբար, խոսքը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մասին է, ավելի ճիշտ՝ այս քայլը պայմանավորված է միջազգային տարբեր կառույցներում ադրբեջանական կողմի հակահայ գործունեությամբ:

«Ադրբեջանը պայքարում է Հայաստանի դեմ ոչ միայն Ադրբեջան-Հայաստան սահմանին, պատերազմում է ընդհանուր հայության դեմ նաև արցախա-ադրբեջանական սահմանին և դա անում է զենքով, ոչ միայն խոսքերով, բայց դրա հետ միասին քայլեր է կատարում Հայաստանի դեմ նաև միջազգային ատյաններում: Չէ՞ որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակը փակվեց հենց Ադրբեջանի նախաձեռնությամբ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում երկու հակահայկական բանաձևեր էին շրջանառվում ընդամենը մեկ տարի առաջ: Եվ այս պարագայում պիտի հասկանանք, որ Ադրբեջանը միջազգային ինստիտուտները վերածել է հայ-ադրբեջանական առճակատման դաշտի: Եվ բնական է, որ Հայաստանը փորձում է պաշտպանվել կամ նախահարձակ լինել: Պաշտպանության լավագույն ձևերից մեկը նախահարձակ լինելն է»:

Այս նույն քաղաքական համատեքստում, սակայն, կա մեկ այլ բաղադրիչ, որի էությունը հետևյալն է՝ Հայաստանը ինքը լիակատար կերպով պիտի համապատասխանի նույն եվրոպական արժեհամակարգին, ժողովրդավարության և մարդու իրավունքների չափանիշներին, այլ կերպ ասած՝ լինի հնարավորինս քիչ խոցելի այս առումով, եթե իսկապես որոշել է պատասխանել Ադրբեջանի քայլերին հենց այս դաշտում:

«Այստեղ շատերը կարող են հարց տալ՝ Հայաստանը այն աստիճանի ժողովրդավա՞ր է, որ կարողանա այլ պետությունների ժողովրդավարությունը գնահատել, Հայաստանում մարդու իրավունքները հարգվո՞ւմ են այն աստիճանի, որ կարողանա այդ հարցերի մասին խոսել: Հասկանալի է, որ Ադրբեջանի հետ համեմատվելու դեպքում մենք Միացյալ Նահանգներն ենք, Միացյալ Թագավորությունը կամ Ֆրանսիան, բայց միայն համեմատության դեպքում: Ուստի ուրախ կլինեմ, որ Հայաստանը այս տեսակ գործողություններ անելիս չմոռանա բարձրաձայնել նաև իր ներքին խնդիրների մասին: Ամեն դեպքում շատ տրամաբանական և տեղին է այն, որ հայկական կողմը փորձում է նախաձեռնել նման գործընթաց, և ուրախ կլինեմ, եթե Հայաստանը ոչ միայն Եվրոպայի խորհրդում, այլև միջազգային այլ կառույցներում կարողանա և՛ պաշտպանել իր շահերը, և՛ իր տնային աշխատանքը կատարել»,- ավելացրեց Թևան Պողոսյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ մեզնից է կախված, թե արդյոք Հայաստանի նշված նախաձեռնությունը կվերածվի՞ Ադրբեջանի դեմ լուրջ գործընթացի միջազգային կառույցներում. «Կարող ենք հետևողական լինել և լուրջ աշխատանքով իսկապես փոխել իրավիճակը: Ամեն ինչ կախված է Հայաստանից: Որևէ մեկը չէր հավատում, որ Ագրամունտի դեմ էլ կարող է գործընթաց սկսվել»:

Թևան Պողոսյանը նաև չի բացառում, որ Հայաստանը ընդհանրապես կարող է իրավական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ՝  Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչների, զինծառայողների դեմ Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների հարցերով, ինչպես ամիսներ առաջ առաջարկել էր ֆրանսահայ իրավագետ Ֆիլիպ Գալֆայանը՝    ասելով, որ Հայաստանը կարող է օգտագործել Գուրգեն Մարգարյանի սպանության գործը և 2016թ. ապրիլյան հայտնի իրադարձությունները Ադրբեջանի դեմ իրավունքի դաշտում:

«Երբ տեսնում ենք՝ ինչպես ադրբեջանցիները վերաբերվեցին մեր հայ զինվորներին, նրանց դիակներին, դա արդեն ցույց է տալիս, որ եթե մի օր Ադրբեջանին իրավունք տրվի հետ առնել իր հողերը, վստահություն չկա անվտանգության իմաստով: Ուրեմն իր նպատակը հայությանը բնաջնջելն է: Միայն այդ հիմքը բավարար է, որպեսզի գնանք նոր իրավական քայլերի և առաջ քաշենք remedial secession-ի («անջատում հանուն փրկության») հարցը: Կա նաև երկրորդ տարբերակը՝ փորձել միջազգային դատարանի առջև ստանալ, որ իրավական ուժ ունենա, այսինքն՝ ընդունվի Ղարաբաղի անկախության հռչակագիրը»,- ասել էր Ֆիլիպ Գալֆայանը:

 

Նյութը` 1in.am- ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով