Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան փառատոնն այս տարի նվիրվում է Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի  հունիսի 7-ից 29-ը: Ինչպես հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը, այն այս տարի նվիրվում է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին:

Թալալյան եղբայրների անվան ամենամյա փառատոնի նպատակն է ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներին, պրոպագանդել դասական և հայ ակադեմիական երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաստանաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև և այլն:

Այս տարվա փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ՝ գրված տարբեր կամերային կազմերի համար։

Փառատոնը առանձնակի կարևորում է մարզերում համերգային և կրթական ծրագրերի իրականացումը, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով կամերային երաժշտությունը և թավջութակ ու ալտ գործիքները։ Դրա համար նախատեսվում են համերգային ծրագրեր և վարպետության դասեր։ Այս տարի փառատոնի համերգային ծրագրերում նախատեսվում են այցելություններ Աշտարակ, Աբովյան և Ստեփանակերտ: Փառատոնը կհյուրընկալի բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Ուտրեխտի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, թավջութակահարուհի Տիմոռա Ռոսլերին, կիրականացվեն համատեղ ծրագրեր տարբեր հաստատությունների հետ:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է 6 համերգ, որոնց հիմնական մասի մուտքն ազատ է, իսկ բացման և փակման համերգներին փառատոնի և Լ. Մեծագործի անվ. ասպետական միաբանության անդամների համագործակցությամբ նախասրահում կիրականացվի ցուցահանդես վաճառք՝ ձեռագործ իրերի, որոնք պատրաստվել են «Փյունիկ» հաշմանդամների միության երեխաների կողմից, իսկ ողջ հասույթը կփոխանցվի հենց իրենց, որպես աջակցություն:

Փառատոնը իրականացվում է «Արս լունգա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

 

Culture

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով