Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 9 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը, մասնավորապես աղբի տեղափոխման ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Բացի այդ, հանձնարարվել է «Սանիթեք» ընկերության հետ համատեղ գույքագրել այն հասցեները, որտեղ, համաքաղաքացիների փոխանցմամբ, նկատվում է աղբամանների պակաս և քայլեր ձեռնարկել դրանք ավելացնելու ուղղությամբ:

Զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ քայլեր են ձեռնարկվել մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը կանխարգելելու և դրանք համապատասխան աղբավայր տեղափոխելու ուղղությամբ։ Զեկուցվել է նաև, որ իրականացված հսկողության շրջանակում արձանագրվել են դեպքեր, երբ ոչ սահմանված վայրերում շինարարական աղբը թափելու համար որոշ անհատներ ապօրինի գումարներ են գանձում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է արձանագրված վերոնշյալ դեպքերի հետ կապված տեղեկությունները փոխանցել ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը՝ դրանց համապատասխան ընթացք տալու համար: Հանձնարարվել է նաև գույքագրել սեփականություն հանդիսացող բոլոր այն տարածքները, որոնք վերածվել են շինարարական աղբի կուտակման վայրերի, և օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել` պարտադրելու սեփականատերերին տվյալ տարածքները պատշաճ տեսքի բերել, իսկ այդ աշխատանքները չկատարելու դեպքում իրականացնել օրենսդրությամբ նախատեսված խնդրի կարգավորմանն ուղղված համապատասխան միջոցառումներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով