Թուրքիայում ձերբակալվել է «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության 8 աշխատակից

Հունիսի 7-ին ձերբակալվել է թուրքական «Ասելսան» խոշոր ռազմարդյունաբերական ընկերության 8 աշխատակից: Նրանք մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «ահաբեկչական կառույցին» անդամակցելու համար:Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Հետաքննությունը վարում է Անկարայի գլխավոր դատախազությունը: Բացի «Ասելսան» ընկերության աշխատակիցներից, ձերբակալվել է նաև այլ կառույցների 10 աշխատակից: Ընդհանուր առմամբ, ձերբակալվածների թիվը հասնում է 18-ի:

Նշենք, որ ավելի վաղ՝ այս տարվա մարտին, «Ասելսան» ընկերության ևս 75 աշխատակից էր ձերբակալվել, որից 44-ի նկատմամբ դատարանը կալանավորելու որոշում է ընդունել:

2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սկսվեցին ձերբակալություններն ու հետապնդումները ինչպես Թուրքիայի զինված ուժերի, այնպես էլ տարբեր կազմակերպությունների, ԶԼՄ-ների, քրդամետ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչների նկատմամբ:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման համար Թուրքիայի իշխանությունները, մասնավորապես երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքները:

Նշենք, որ «Ասելսանը» մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ: Ընկերությունն  իր արտադրանքներն արտահանում է աշխարհի 48 երկրներ՝ այդ թվում Ադրբեջան, Ղազախստան, Պակիստան և Հորդանան։

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով