Թերեզե Վեբերի «Թուղթ – Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» անհատական ցուցահանդեսը Երևանում

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ներկայացնում է շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի «Թուղթ – Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» լայնածավալ անհատական ցուցահանդեսը Երևանում: Այս կբացվի հունիսի 15-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում: Այս մասին հայտնում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության մամուլի ծառայությունը:

Թերեզե Վեբերի առաջին ծանոթությունը Հայաստանի հետ տեղի է ունեցել 2015թ.-ին և այդ ժամանակից ի վեր նա իր աշխատանքներում պարբերաբար անդրադառնում է հայկական մշակութային, հոգևոր ժառանգությանը:

Ավելի քան 50 աշխատանք ընդգրկող այս համապարփակ ցուցադրությունը ներկայացնում է Թերեզե Վեբերի ստեղծագործունեության վերջին 20 տարիների համալիր համայնապատկերը՝ առաջարկելով դիտողին ծանոթանալ արվեստագետի գեղարվեստական և տեխնիկական մոտեցումների տարաբնույթ փոխակերպումներին:

Հունիսի 17-ին, «Թղթի լեզուն»  (“Die Sprache des Papiers”) դասախոսության ընթացքում Թերեզե Վեբերը կներկայացնի իր բազմեզր ստեղծագործունեությունը, թուղթը որպես գեղարվեստական միջոց գաղափարի համատեքստում: Այնուհետև, հունիսի 20-ին, արվեստագետի հետ հանդիպման շրջանակներում հանրությունը հնարավորություն կունենա զրուցել շվեյցարացի արվեստագետի և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանի հետ:

Երևանում Թերեզե Վեբերի «Թուղթ – Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» անհատական ցուցահանդեսի կապակցությամբ արվեստի գրքերի հրատարակումներում մասնագիտացած և մեծ համարում ունեցող գերմանական «Wienand» (Քյոլն) հրատարակչատան կողմից, լույս է ընծայվել 160 էջից բաղկացած ընդգրկուն պատկերագիրք: Այս եռալեզու, պատկերներով հարուստ հրատարակությունը 121 վերատպությունների միջոցով ներկայացնում է Թերեզե Վեբերի աշխատանքների ժամանակագրությունը, 1993թ.-ից մինչ օրս, ներառյալ Երևանում ցուցադրվող աշխատանքները: Արվեստաբան, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանի, «Leopold Hoesch» թանգարանի (Դյուրեն, Գերմանիա) նախկին տնօրեն, արվեստաբան, փիլիսոփայության դոկտոր Դորոթեա Այմերթի, մշակութաբան, փիլիսոփայության դոկտոր Քրիստոֆ Բաումերի պատկերագրքում զետեղված հոդվածներն, ինչպես նաև Թերեզե Վեբերի ակնարկը կօգնեն բացահայտել ոչ միայն շվեյցարացի արվեստագետի ստեղծագործություններն, այլև նրա անհատականությունն արվեստում: Հեղինակները պարզաբանում և վերլուծում են Թերեզե Վեբերի աշխատանքների նախապատմությունը, ծագումն ու շարժառիթները, ինչպես նաև նրա ստեղծագործ շնորհն այնպես, որպեսզի ընթերցողին և այցելուին հասանելի դառնա Թերեզե Վեբերի թղթի կիրառման յուրահատուկ մոտեցման և նրա գեղարվեստական, միջմշակութային երկխոսության ուսումնասիրությունը:

Թերեզե Վեբերը ժամանակակից շվեյցարական արվեստի ականավոր ներկայացուցիչներից է և թղթարվեստի (Paper Art) նշանավոր վարպետ: Նա հիմնականում աշխատում է “pulp painting” տեխնիկայով՝ հիմնվելով թղթի  պատրաստման արևելյան և արևմտյան ավանդույթների և այդ ոլորտում սեփական գեղարվեստական հետազոտությունների վրա: Արվեստագետը թղթե մանրաթելերի խյուսը, որպես հատուկ ստեղծագործական միջոց, հաճախ համակցում է ավանդական գեղանկարչական տեխնիկաների, գեղարվեստական տպագրության և լուսանկարչության հետ, փորձելով բացահայտել նոր ստեղծագործական տարածքներ:

 

Culture

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով