«Երեք մարդու կյանք խլեն, կապիկություն անեն ու անունը դնեն «Սասնա ծռե՞ր»»

7-ամյա Մհերը հոր՝ Գագիկի նկարի առջև հաճախ է կագնում: Ձեռքն ընկած ցանկացած լավ բան դնում է նկարի առաջ ու մորը հարցնում՝ ինչո՞ւ հայրիկն այս շաբաթ էլ տուն չեկավ: Մայրը որդու հետ խոսում է քաջ հոր մասին ու խոսք տալիս՝ հենց մի քիչ էլ մեծանա, անպայման կտեսնի հորը: Ու չնայած տղայի մեծանալուն, հայրն այդպես էլ չի գալիս: «Ինչքա՞ն դեռ պետք է մեծանամ, որ հայրիկը գա». միամտորեն հարցնում է փոքրիկը՝ չստանալով իր հարցի իրական պատասխանը:

Ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Աբրահամի Մկրտչյանը հրազենային ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 17-ին՝ զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման գիշերը: Այդ օրը նա ծառայության մեջ էր: Հերթապահի օգնական, ավագ ենթասպա Մկրտչյանը վիրավորում էր ստացել որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում: Վերջինիս կյանքի համար, բժիշկները պայքարեցին շուրջ մեկ ամիս: Ոստիկանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը, ՀայՄեդիա.АМ-ին դեպքի մասին որոշ մանրամասներ պատմեց: Հիշեց, թե ինչպես են հուլիսի 17-ի գիշերը՝ լուսադեմին, Գագիկի ընկերները եկել ու իրեն հիվանդանոց տարել՝ ասելով, թե ամուսինը սայթաքել ընկել է, ձեռքն է կոտրել, սուր ցավեր ունի ու իրեն է ուզում: Իսկ թե իրականում ինչ էր եղել, տիկին Հասմիկը միայն հաջորդ օրն է իմացել:

«Լուրեր են պտտվում, թե ես էքստրասենս եմ, որ քնել արթնացել եմ, հետո նոր եմ հիշել, որ ամուսնուս հետ խոսել եմ ու նա ինձ դեպքից ինչ-որ բաներ է պատմել: Ու այդպես առանց մանրամասներն իմանալու՝ ավել-պակաս խոսում են: Բայց ես հիմա ձեզ մանրամասնորեն կպատմեմ, թե ինչ ենք խոսել ես ու Գագիկը:
Ամուսինս առաջին վիրահատությունից հետո իրեն լավ էր զգում: Ճիշտ է՝ խոսակցականը վատ էր, բայց ես հասկանում էի, թե ինչ էր ասում: (Մենք միայն այդ թեմաներից չէ, որ խոսել ենք իրար հետ): Դրանից հետո մի քանի օր Գագոն լավ էր, ես ինքս մի քանի հարց եմ տվել, պատասխանել է: Գիտեք ոնց՝ կցկտուր էին պատասխանները, բառերը կիսատ էր արտաբերում, բայց իմ ամուսինն էր, բավական երկար ժամանակ իրար հետ ապրել ենք, ու միմյանց արդեն կես հայացքից էլ հասկանում էինք շատ լավ: Ասաց, որ մեծ մեքենայի բախման ձայն են լսել, ու մտածել են, որ ՊՊԾ գնդի մեծ մեքենաներից մեկով ինչ որ մեկը պահեստում վթարի է ենթարկվել: Տղաները գնացել են, ինքը մնացել է հերթապահ մասում: Հետո կրակոցներ է լսել, դուռը փակել է ու օգնություն է կանչել: Հիմա թե հեռախոսո՞վ է օգնություն  կանչել, թե՞ ռացիայով, ես չգիտեմ: Հասել են անցակետին ու պահանջել, որ դուռը բացի: Ասել է՝ չի թույլատրվում, «ուստավով դուռը չեմ բացում». այդպես է ասել: Ես ասացի, որ եթե բացեիր, գոնե չէին կրակի, ասաց, որ չէ, «ուստավով» բացել չի կարելի: Ես այս բառերը, որ օգտագործում եմ, իր բառերն են: Հետո դուռը բացել են, գոռգոռալով ասել են, թե բա «արա ինչի՞ դուռը» չէիր բացում», հետո ինքնաձիգը պահել վրան ու կրակել են: Իր բառերն են. «պահեցին, ցելով խբեցին»: Ես անգամ հարցրել եմ, որ հնարավո՞ր է ներսի կրակողները ոստիկաներ  են եղել: Դե մարդ ես, ոչ ոք չի իմանա, թե այդ պահին իրեն ինչպես կդրսևորի: Ինքը գլխով արեց, ասաց՝ ոչ, ոստիկաններ չէին»:

Զոհված ոստիկանի կինն ասաց, որ առաջին վիրահատությունից հետո Գագիկն իրեն լավ է զգացել, բայց հետո աղիքի մի մասը ծակվել է, սկսել է թարախային արտադրություն գալ, ինչից հետո էլ 2-րդ վիրահատությունն են արել, իսկ արդեն 3-րդ վիրահատության ժամանակ արհեստական շնչառական սարքով է շնչել:

«Ամուսինս մինչև վերջ միայն իմ ձայնին էր արձագանքում: Ոչ ոք չէր հավատում, որ սիրտն այդքան առողջ է… բայց վերջաբանն այդպիսի ողբերգական եղավ: Բժիշկներն ասացին, որ արտասահմանից անգամ աղիքների աշխատանքի կարգավորման համար հատուկ դեղորայք են բերել, բայց դա էլ չօգնեց: Առաջին 2 վիրահատությունից հետո մեծ հույս ունեինք, որ կլավանա, ու ինքն անձամբ իր ոտքով կգնա, կկանգնի դատարանում կպատմի, թե ինչ է եղել: Մինչև վերջ էլ հավատում էի, որ ինքը լավանում է: Առաջին երեք օրերն ինքը խոսել է, նույիսկ կատակներ է արել, պաղպաղակ է ուզել: Բայց 3-րդ վիրահատությունից հետո արդեն տեսնում էի, թե ինչպես է հալվում…»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մարդիկ ասում են նաև,  թե ինչո՞ւ այս ամենի մասին նա չի պատմել դեռ այն օրերին: Գ. Մկրտչյանի մահվան օրը Հ. Ոսկանյանը հարցազրույց է տվել հիվանդանոցում՝ ասելով, որ ամուսինը, գիտակցության չգալով, մահացել է: Եվ այդ ամենն այժմ շահարկելով՝ դարձնում են, թե, իբրև, տիկին Հասմիկը խեղաթյուրում է եղելությունը:

«Հա, ամուսինս գիտակցության չգալով է մահացել, բայց դեպքից 27 օր հետո՝ Աստղիկ ԲԿ-ում: Առաջին հիվանդանոցում՝ Համալսարանական կլինիկայում, ինքը խոսել է ինձ հետ:
Ով ինչ ուզում է թող ասի, ես չեմ ուզում ցածրանալ իրենց մակարդակին ու ասել՝ էքստրասե՞նս եմ, թե՞՝ չէ: Բայց ինչ որ ես ասում եմ, ինչ որ լսեցիք այդ գնդի հետ կապված, ինձ Գագոն է ասել: Ոչ ոքի իրավունքը չէ, թե ես ինչ կասեմ ու ինչ կանեմ: Եվ հետո՝ մինչև գրելն ու դատելը մարդկանց, թող մտածեն ինչ են ասում, որովհետև վերևն Աստված կա»:

Գագիկ Մկրտչյանի մահվան առաջին օրերին տիկին Հասմիկը չի զրուցել այս թեմայով, քանի որ ոչ ոքի նախ չի վստահել, բացի այդ՝ հավես ու տրամադրություն չի ունեցել: Ասում է, որ նրանք մարդասպաններ են, այլանդակներ են, որ կարողացել են հրացանի մի շարժումով խաթարել իրենց ամբողջ կյանքը: Սրտնեղած ու արցունքախառը նշում է նա, որ գոնե ոտքին խփեին, բայց այնպես են վիրավորել մարդուն, որ Հայաստանի բժշկական ամբողջ համակարգը չի կարողացել փրկել կյանքը:

«Գիտեք՝ ինչքան դաժան է 27 օր շարունակ տեսնել, թե կողքիդ հարազատ մարդը ինչպես է մոմի նման հալվում, ու դու գիտես, որ փրկություն չկա: Իմ մեջքը, իմ ամեն ինչն էր նա: Մի օրվա մեջ ամեն ինչ փշրվեց: Ու հիմա որ ինտերնետում կարդում եմ, տեսնում եմ դատավարությունը՝ երգելով, պարելով, ուրախանում են, նկարվում են սիրտս կտոր-կտոր է լինում: Թե ինչի՞ վրա են ուրախանում, որբացած էրեխեքի՞: 3 մարդու կյանք խլեն, կապիկություն անեն ու անունը դնեն «Սասնա ծռե՞ր»: Սասնա ծռերի անունն էլ է ափսոս, աղավաղում են այդ անունը:
Ինչպե՞ս կարող են հայ սպային, հայ ոստիկանին համեմատել թուրք ոստիկանի հետ: Ո՞նց կարող է հասարակ հայ մարդը, որ ապրում է արտասահմանում, առանց տեղյակ լինելու, հայ սպային համեմատի թուրք սպայի հետ: Այդ ամենից հետո ուշքի չեմ գալիս: Ինչպե՞ս կարելի է, ախր դուք ո՞վ եք, ի՞նչ իրավունք ունեք: Դուք ոչ մի բանից տեղյակ չեք…Դուք տեղյա՞կ եք եղել, որ Գագոն տան միակ տղա ժառանգն է եղել, ինչ մեծատառով մարդ է եղել: Ի՞նչ է, որ ոստիկան է, ուրեմն նա մա՞րդ չէ: Ձեզ ո՞վ է թույլ տվել նման արտահայտություններով դիմել մարդկանց, որ ես մինչ օրս տեղս չեմ գտնում»:

Տիկին Հասմիկը խիստ վրդոհվված է համացանցում մի շարք օգտատերերի ագրեսիվ կեցվածքից: Ասում է, որ այն գրառումները, որոնք կարդացել է համացանցում, ահավոր են:

«Հիմա որ կարդում եմ մարդկանց գրած մեկնաբանությունները, կարծիքները, շատ եմ վիրավորվում: Իրենք իրենց կենսագրությունը թող նայեն, նոր անցնեն ուրիշին, նոր ավելորդ բան ասեն: Ինտերնետում գրանցված մարդիկ, եթե որևէ բանից տեղյակ չեք, անտեղի արտահայտություններ մի՛ արեք, որովհետև հարցին կա պատասխան, պատասխանն էլ շատ սուր ու դիպուկ է լինելու:

Մի տարի ասեղի նման անընդհատ ծակում են իրենց արտահայտություններով, մռմռալով, մղկտալով ապրում ենք: Մանավանդ որ տեսնում ենք, որ հերոս են ասում, հերոսացնում են: 4-5 երեխայի են որբացրել, դրանո՞վ են հերոս»:

Մեր զրուցակիցն ասաց նաև, որ ինքը ոչ միայն ամուսնու վրա կրակողի՝ Արմեն Բիլյանի դատավարությանն է սպասում, այլ ՊՊԾ գնդի գրավման հետ կապված բոլոր մասնակիցների:

«Ես հավատում եմ մեր դատական համակարգին, որ արդար դատավարություն կլինի: Հավատում եմ մեր ոստիկանապետին, մեր նախագահին: Հավատում եմ, որ ամեն բան կանեն, որ ոչ ոք անպատժ չի մնա: Թեկուզ այն մարդիկ, որ չնչին մասնակցություն են ունեցել այս ամենին, ոչ մեկին բաց չեն թողնի: Իմ սիրտը մի քիչ կհովանա այն դեպքում, երբ բոլոր նրանք, ովքեր այդտեղ ներկա են եղել, (կապ չունի ինչպես են մասնակցել, ինչ են արել, կապ չունի), բոլորը դատվեն: Ու որ իրենք էլ, ոնց որ Գագիկը չի տեսնում իր երեխայի մեծանալը, չտեսնեն կյանքում: Հուսով եմ, որ այն մարդիկ, ովքեր զենք են բարձրացրել Արթուր Վանոյանի, Յուրա Տեփանոսյանի ու ամուսնուս վրա, իրենք մինչև վերջ նստած կմնան, պետք է դուրս չգան: Եթե մահապատիժ լիներ, երդվում եմ, մահապատիժ էի պահանջելու: Աստված է տվել կյանքը, ու ոչ ոք իրավունք չունի խլելու այն»:

 

ՀայՄեդիա.АМ

Նմանատիպ նորություններ

«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...
«Նիկոլի երբևէ ունեցած ամենավատ ելույթն էր Դսեղի ել... Նիկոլի երբեւէ ունեցած ամենավատ ելույթն էր Դսեղի այսօրվա ելույթը։ Նախ, Թումանյանը բոլորովին աղքատ մարդ չի եղել, սերել է բավականին հարուստ գերդաս...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով