«Ես առաջին անգամ եմ լսում, որ նման բողոքներ կան». Հրանուշ Հակոբյան

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ
նիստին մասնակցում են բոլոր գերատեսչությունների փոխնախարարները, ինչպես նաև հասարակական կառույցներ՝ այն մարդիկ, որոնք զբաղվում են սիրիահայերի հիմնախնդիրներով։

«Քննարկելու ենք Երևան քաղաքում քաղաքապետարանի կողմից այն բոլոր օգնությունները, աջակցությունները, որոնք ցուցաբերվում են սիրիահայերին, հատկապես՝ սոցիալական ոլորտում։ Ինչպես նաև լսելու ենք Կարմիր խաչին, որը մեծ ծրագիր է իրականացնում, ընթացքն ենք դիտարկելու, թե ո՞ւր է հասել, ինչքա՞ն օգնություն է տրամադրել, և ի՞նչ նոր ծրագրեր կան։ Օրակարգի 3-րդ հարցով քննարկելու ենք սիրիահայ գործարարների կազմակերպության գործունեությունը։

Այսինքն՝ մեզ շատ հետաքրքրում է, թե մեր հայրենակիցներն ինչքանո՞վ են ինտեգրվել մեր երկրին, նոր մանր և միջին բիզնեսներ են ստեղծվել, հատկապես՝ սպասարկման ոլորտում, ռեստորանային սրճարանային ոլորտում։ Հաճախ ենք խոսում, որ բերել են նոր մշակույթ, նոր մոտեցում, աշխատանքի նկատմամբ շատ հետաքրքիր վերաբերմունք։ Ամենահետաքրքիրն այն է, որ սիրիահայերը շատ սիրում են ընտանեկան բիզնեսը զարգացնել և ավելի շատ այս ուղղությամբ են իրենց աշխատանքներն իրականացնում»,- նկատեց նախարարը։

Լրագրողներից մեկի հարցին, թե՝ ի՞նչ է արել պետությունը սիրիահայերի համար, քանի որ անընդհատ բողոքներ են լինում, որ իրենց համար ոչինչ չի արվում, նա պատասխանեց.

«Ես առաջին անգամ եմ լսում, որ նման բողոքներ կան։ Պետությունը լուծում է անվճար նրանց կրթության բոլոր հարցերը՝ մանկապարտեզից մինչև համալսարան։ Պետությունը 3000-ից ավելի սիրիահայերի առողջապահական բոլոր խնդիրներն ու սոցիալական խնդիրները կարգավորել է։ Միայն մի քանի ամիս առաջ 240 մլն դրամ հատկացվեց սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման խնդիրները կարգավորելու համար, նաև ինտեգրման ծրագիր ենք իրականացնում, ամառային հանգիստն ենք ամբողջությամբ կազմակերպում։ Այդպիսի խնդիր չկա սիրիահայերի համար, որ պետությունը որոշակիորեն կամ հիմնականում չլուծի համահայկական կառույցների, բարեգործական կազմակերպությունների օգնությամբ»։

Տիկին Հակոբյանի խոսքով՝ պետությունն է, որ բանակցում է տարբեր միջազգային կառույցների և կազմակերպությունների, պետությունների հետ, որպեսզի կարողանան համապատասխան գումարներ բերել և նրանց սոցիալական խնդիրները կարգավորել։ Անդրադառնալով բնակարանային խնդրին՝ նախարարն ասաց, որ ինչպես և մեր հանրապետությունում, ցանկացած քաղաքացի չէ, որ ունի բնակարան, այնպես էլ՝ սիրիահայերը։ «Նրանց մի մասն արդեն գնել է, մի մասը կառուցում է։ Օրինակ՝ Դաշնակցությունը երկու շենք է կառուցում, որպեսզի ավելի էժան միջոցներով մեր հայրենակիցներին բնակարան տրամադրի»,- հավելեց նախարարը։

Վերջինիս խոսքով՝ սիրիահայերի 95-96 տոկոսն ապրում է Երևանում, նրանք մարզեր շատ քիչ են գնում։ «Նրանք հիմնականում քաղաքաբնակներ են, հողի հետ աշխատելու հնարավորությունները չգիտեն։ Եթե գան գյուղական վայրերից, հեշտությամբ կգնան գյուղեր, բայց Հալեպից և Դամասկոսից եկածներն ապրում են Երևանում։ Եվ մի հոգեբանական խնդիր էլ կա, կարծես մեկը մյուսի հետ կապված՝ ուզում են անպայման Երևանում բնակվել»,- նշեց տիկին Հակոբյանը։

Անդրադառնալով սիրիահայ գործարարներին և լրագրողներից մեկի դիտարկմանը, որ նրանք բողոքում են նաև հարկերի շատ լինելուց՝ Հրանուշ Հակոբյանն ասաց.

«Ցանկացած գործատու երազում է հարկ չմուծել և գործը զարգացնել։ Իհարկե, կան տարբերություններ Սիրիայի և Հայաստանի հարկային քաղաքականության մեջ, բայց կարծեմ՝ մերոնք հարմարվում են։ Նախևառաջ՝ մենք ուսուցանում ենք. նրանք պետք է օրենքներն իմանան, որպեսզի կարողանան ճիշտ բիզնես իրականացնել։ Մենք Տնտեսական զարգացման նախարարության հետ ստեղծել ենք ուսուցման կենտրոն։ Այնտեղ սիրիահայերը սովորում են մեկ ամիս, այնուհետև գրում են բիզնես ծրագրեր, որոնց համապատասխան էլ՝ դրվում են վարկեր 4 տոկոսով՝ 5 տարի ժամկետով, որպեսզի իրենք գործ սկսեն»։

Տիկին Հակոբյանի խոսքով՝ արդեն 100-ից ավելի սիրիահայեր գումարը վերցրել են, և իրենց գումարն օգտագործում են՝ ի նպաստ այս կամ այն բիզնեսի զարգացման։ Նրա դիտարկմամբ՝ լինում են նաև դժվարություններ, ամեն ինչ չէ, որ հեշտությամբ է լուծվում, և դրա համար էլ ստեղծվել է գործարարների հասարակական կազմակերպությունը, որպեսզի առաջացած հարցերը համախմբեն, ճշգրտեն։

«Այդ նույն գործարարների հանդիպումն է տեղի ունեցել վարչապետի հետ, համապատասխան նախարարությունների հետ, և մենք այստեղ ամիսը մեկ անգամ հավաքվելով՝ քննարկում ենք այն հիմնահարցը, որ կյանքը թելադրում է, ընթացքում կարող են առաջանալ հարցեր, որպեսզի մենք կարողանանք դրանց համար լուծումներ գտնել»,- նկատեց Հրանուշ Հակոբյանը։

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով