Արաբական մի շարք պետություններ Կատարից պահանջում են փակել Թուրքիայի ԶՈւ ռազմաբազան. Ալ-Ջազիրա

Հունիսի 23-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը 13 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի կատարման դեպքում միայն կվերականգեն դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Այս մասին հայտնում է արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի կայքը:

Կետերից մեկով արաբական երկները պահանջում են անմիջապես փակել Թուրքիայի ռազմաբազան Կատարում և դադարեցնել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ:

Անդրադառնալով այս հարցին՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ թուրքական կողմը որևէ միտում չունի Կատարում ռազմաբազա տեղակայելու մասին Կատարի հետ համաձայնությունը վերանայելու վերաբերյալ: Փոխանցում է թուրքական NTV հեռուստալիքի կայքը:

«Այդ պահանջը պաշտոնական կերպով դեռ չեմ տեսել, բայց եթե այն առկա է, դա նշանակում է միջամտություն երկկողմ հարաբերություններին: Ցանկանում եմ նշել, որ Կատարում տեղակայված ռազմաբազան Կատարի զինծառայողներին մարզելու, Կատարի և տարածաշրջանի անվտանգության համար է», – ասել է Ֆիքրի Ըշըքը:

Պահանջների իրականացման համար արաբական երկրները Կատարին 10 օր ժամանակ են տվել: Այդ ժամանակահատվածում դրանք չկատարելու դեպքում պահանջները դառնում են անվավեր: Սակայն պահանջում չի նշվում, թե ինչ են նախատեսում իրականացնել արաբական երկրները, եթե Կատարը չկատարի բոլոր պահանջները: Ըստ «Ալ-Ջազիրա» կայքի՝ արաբական երկրների 13 պահանջները հետևյալն են.

  1. Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը իջեցնել և փակել Իրանի դիվանագիտական առաքելությունները Կատարում, հեռացնել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին և դադարեցնել ռազմական ու հետախուզության ոլորտում Իրանի հետ համագործակցությունը: Իրանի հետ առևտուրը պետք է համապատասխանացնել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, այնպիսի կերպով, որ այն չվտանգի «Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի» կազմակերպության անվտանգությունը:
  2. Անմիջապես փակել Թուրքիայի ռազմաբազան, որը ստեղծվում է ներկայում, և դադարեցնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը:
  3. Խզել հարաբերությունները բոլոր «ահաբեկչական, աղանդավորական և գաղափարական» կազմակերպությունների, մասնավորապես «Մուսուլման եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ-Կաիդա», «Փաթեհ ալ-Շամ» (նախկինում՝ «Ան-Նուսրայի ճակատ») և լիբանանյան «Հիզբոլլա» կազմակերպությունների հետ: Կատարը պետք է այդ կազմակերպություններին ահաբեկչական հայտարարի:
  4. Դադարեցնել ֆինանսական և այլ  աջակցությունը այն բոլոր անհատներին, կազմակերպություններին, խմբերին, որոնց Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Բահրեյնը և ԱՄՆ-ն ահաբեկչական են հայտարարել:
  5. Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Բահրեյնի կողմից հետախուզվող անհատներին արտահանձնել իրենց երկրներ: Սառեցնել նրանց ակտիվները և տրամադրել նրանց բնակության վայրի, գործունեության և ֆինանսական վիճակի մասին անհրաժեշտ տեղեկությունները:
  6. Փակել «Ալ-Ջազիրա» հեռուստալիքը և դրա հետ կապ ունեցող այլ ալիքները:
  7. Դադարեցնել միջամտելը ինքնիշխան պետությունների ներքին կյանքին: Դադարեցնել քաղաքացիություն շնորհել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Բահրեյնի քաղաքացիներին:
  8. Կատարը պետք է փոխհատուցում և ռեպարացիաներ տրամադրի այն մարդկանց կյանքերի և ֆինանասկան կորուստների համար, որոնց պատճառ է դարձել վերջին մի քանի տարում: Գումարի չափը կորոշվի Կատարի հետ համաձայնությամբ:
  9. Կատարը պետք է համապատասխանեցնի իր քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական գործունեությունը Ծոցի և արաբական երկրների, ինչպես նաև 2014-ին Սաուդյան Արաբիայի հետ կնքված պայմանագրի հետ:
  10. Տրամադրել բոլոր մանրամասները այն բոլոր ընդդիմադիր անձանց մասին, որոնց աջակցել է Կատարը: Դադարեցնել կապերը Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի քաղաքական ընդդիմությունների հետ: Հանձնել ընդդիմադիր խմբերի հետ Կատարի կապերի և նրանց աջակցության մասին փաստաթղթերը:
  11. Փակել այն բոլոր լրատվական միջոցները, որոնք անմիջականորեն կամ միջնորդված կերպով ֆինանսավորում է Կատարը:
  12. Համաձայնվել բոլոր պահանջներին 10 օրվա ընթացքում, հակառակ դեպքում պահանջները անվավեր կճանաչվեն:
  13. Համաձայնվել ամսական մեկ անգամ, իսկ հաջորդ տարում՝ ամեն եռամսյակին մեկ անգամ աուդիտի իրականացմանը: Առաջիկա 10 տարիներին Կատարում տարին մեկ անգամ մոնիթորինգ է իրականացվելու:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, այնուհետև նաև արաբական այլ երկրներ, խզել են դիվանագիտական հարաբերությունները և ցամաքային, օդային, ջրային կապը Կատարի հետ:

Չնայած թուրքական կողմը փորձում է չեզոքություն պահպանել, սակայն այն, որ Թուրքիան ռազմաբազա է տեղակայում և պարենային աջակցություն է ցուցաբերում Կատարին հիմքեր են տալիս պնդելու, որ թուրքական կողմը Կատարի ճգնաժամում աջակցում է հենց Կատարին:

Նշենք, որ տարածաշրջանային երկրներից Կատարին իր աջակցություն է հայտնում նաև Իրանը, որը փորձում է օգտվել արաբական աշխարհում առաջացած ճեղքվածներից և էլ ավելի մեծացնել իր ազդեցությունը Պարսից ծոցի շրջանում:

 

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով