ԱՄՆ-ն Թուրքիային «կզեկուցի» Սիրիայի քրդերին ուղարկած զենքերի մասին. Պենտագոն

Միացյալ Նահանգները թափանցիկ է Թուրքիայի հետ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող, հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը զենք ու զինամթերք տրամադրելու հարցում: 

Այս մասին հունիսի 1-ին հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակ, ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) գնդապետ Ռայան Դիլոնը:

Դիլոնը մասնավորապես նշել է.

«Մենք չենք պատրաստվում հրապարակայնորեն հայտարարել, թե ինչի տեսակի զենք ու զինամթերք ենք տրամադրել կամ տրամադրելու Սիրիայի քրդական ուժերին: Մենք չենք ցանկանում, որ «Իսլամական պետությունը» իմանա, թե ինչ ենք տրամադրում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը: Մենք չենք պատրաստվում նման մանրամասներ հայտնել»:

Միևնույն ժամանակ Դիլոնը հայտնել է, որ իրենք հաշվարկում են և պահում են հաշվարկը, թե ինչքան ու ինչ տեսակի զենք են տրամադրել Սիրիայի քրդերին և դրանց մասին մանրամասները տրամադրում են Թուրքիային:

Դիլոնը նաև ընդգծել է, որ ԱՄՆ ԶՈւ զինծառայողները հետևելու են, որ այդ զենքն ու զինամթերքը կիրառվեն ըստ նպատակի: Նրա խոսքով՝ այն խումբը, որը այլ նպատակներով կկիրառի տրամադրված զենք, այլևս չի ստանա զենք ու զինամթերք:

Հարցին, թե արդյո՞ք քրդերին տրամադրվել են ՌՊԳ նռնականետներ կամ BGM-71 ТOW հակատանկային հրթիռային համակարգեր, կոալիցիայի խոսնակը նշել է.

«Առնվազն մինչև այսօր [մինչև հունիսի 1-ի առավոտ] մենք նրանց այդ տեսակի զենքեր դեռևս չենք մատակարարել….: Ես դեռ չգիտեմ, թե ինչ տեսակի զենքեր ենք տրամադրելու և ինչպես նշեցի չենք պատրաստվում մանրամասներ հաղորդել դրանց մասին: Սակայն մենք այնպիսի հնարավորություններով զենք ենք տրամադրելու, որպեսզի նրանք [Սիրիայի քրդական կառույցները] պատրաստ լինեն Ռաքքայի գործողությանը»:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ամերիկյան կողմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի քրդերին զինամթերքի և տեխնիկայի իր խոստացած մատակարարումները, ինչը քրդերին թույլ կտա մոտակա ժամանակներս սկսել Սիրիայում ԻՊ մայրաքաղաք Ռաքքայի ուղղությամբ գրոհը:

ԱՄՆ զրահապատ մեքենաներ է ուղարկել Սիրիայում ԻՊ դեմ կռվող քրդական ուժերին:

ԱՄՆ զրահապատ մեքենաներ է ուղարկել Սիրիայում ԻՊ դեմ կռվող քրդական ուժերին:

Բացի այդ, միայն 2017-ին ԱՄՆ-ն քրդերին 2 անգամ օգնություն է փոխանցել: Առաջինը փոխանցվել էր հունվարի 31-ին, իսկ երկրորդը՝ արդեն փետրվարի 28-ին:

ԱՄՆ-ի աջակցությունը քրդերին, առաջ է բերում Թուրքիայի զայրութը, քանի որ թուրքական կողմը Սիրիայի քրդական կառույցները, մասնավորապես SDF-ի կազմի մեջ մտնող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորումը դիտում որպես ահաբեկչական կառույցներ և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ենթաճյուղեր:

ԱՄՆ-ի վերջին հայտարարությունից հետո էլ, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ YPG-ին ԱՄՆ-ի կողմից զենքի տրամադրումը «վտանգավոր է ոչ միայն Թուրքիայի, այլև Սիրիայի համար»: Ըստ նրա՝ նման քայլերը «կարող են վտանգնել» Սիրիայի միասնականությանը և տարածքային ամբողջականությանը:

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով