Տարածաշրջանի վիճակը տագնապալի է. մեր մեծագույն քայլը պիտի լինի Հայաստանի հզորացումը

By | 15.05.2017
Загрузка...

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բեյրութի Հայկազյան համալսարանի «Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը:

– Պարոն Դաքեսյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան պատրաստ է գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Ինչպե՞ս եք պատկերացնում ռուսական ռազմաբազայի մասնակցությունը Մերձավոր Արևելքի հակամարտություններին:

– Կարծում եմ, որ առաջին հերթին հայաստանյան ռազմախարիսխը կարող է օգտագործվել լոգիստիկ նպատակներով՝ մատակարաման և այլ առումներով: Երկրորդը, Կովկասի հարավային շրջանի, Հայաստանի ռազմախարիսխի օգտագործումն այս պարագայում նոր ազդակներ և գործոններ կարող է ավելացնել սիրիական հակամարտության խնդիրներին: Կարծում եմ, որ նաև սիրիական հակամարտության աշխարհագրական ծիրն է, որ փոփոխության է ենթարկվում: Կենտրոնը կարող է չմնալ միայն Սիրիան: Եթե ընդունում ենք, որ սիրիական հակամարտությունը նաև անտակ մի ջրհոր է, անկանխատեսելի պատերազմ, ապա կարող է՝ նոր զարգացումներ ունենանք:

Մյուս խնդիրը, որ գալիս է մեր մտքին, Հայաստանի արտաքին քաղաքականությունն է: Մեզ համար հարց է՝ որքանո՞վ Հայաստանը կարող է լրիվ անկախ արտաքին քաղաքականություն վարել, որովհետև նա որոշ կաշկանդումներ կամ զգուշավորության ունի, որոնցից մեկը Միջին Արևելքի հայ օջախներն են, որոնք կարող են այս կամ այն ձևով վտանգվել:

Մյուս կողմից, հարց է, թե Հայաստանը, իբրև պետություն, որքա՞ն կարող է քաղաքականություն վարել այս խնդիրներով: Բնականաբար, չենք կարող Հայաստանը այս իմաստով համեմատել Թուրքիայի հետ, որը շարունակում է ճիգ գործադրել սիրիայի հակամարտության դաշտում նախաձեռնող և գործոն մնալու համար: Անշուշտ, պետք է նկատի առնել Հայաստանի հնարավորությունները, թե նա որքանով կարող է դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործում:

– Դուք տեսնո՞ւմ եք ինքնուրույն քաղաքականություն Հայաստանի կողմից Սիրիայի հարցում, թե՞ Հայաստանը գործում է Ռուսաստանի քաղաքականության ուղեծրում:

Կարծում եմ՝ որոշակի նրբերանգ կա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքականությունների միջև: Այնպես չէ, որ երկու քաղաքականությունները բացարձակապես նույնն են: Կարելի է շատ տեսական բացատրություն գտնել դրան, որ սրանք երկու տարբեր, անկախ պետություններ են և յուրաքանչյուրի հնարավորությունները տարբեր են: Յուրաքանչյուրի առաջնահերթությունները, կաշկանդող կամ առաջ տանող գործոններն էլ տարբեր են: Ռուսաստանը, օրինակ, ռուսական համայնքներ չունի Միջին Արևելքում, բայց Հայաստանը, հայ ժողովուրդն ունի: Ինձ թվում է, որ այս պարագայում Հայաստանը որոշ չափով ռուսական արտաքին քաղաքականության երամի մասն է կազմում:
– Իսկ ընդհանրապես սիրիական հակամարտությունը, Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս է մինչ օրս ազդել Հայաստանի անվտանգության միջավայրի, անվտանգության խնդիրների վրա, լինի դա ղարաբաղյան հիմնախնդիրը, թե մեկ այլ հարց:

– Մի քիչ դժվար է Կովկասը Միջին Արևելքից տարանջատելը, որովհետև իրար սահմանակից են, եթե մեկ ընդհանուր գոտի չեն, հետևաբար որևէ հակամարտություն այդ տարածաշրջանի մի հատվածում պիտի ազդի մյուս հատվածների վրա: Հավանաբար կարող է պատահել, որ ղարաբաղյան գործոնը իր դրական կամ բացասական դերակատարությունը ունենա սիրիական հակամարտության կարգավորման մեջ:

Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգության խնդիրներին, ապա ինձ համար անծանոթ է, թե որքանով է Հայաստանը ապահով իր սահմաններով: Այդուհանդերձ հասկանալի է, որ տարածաշրջանի ընդհանուր վիճակը տագնապալի է, հետևաբար կարող է շարունակվել, որովհետև չենք կարծում, թե տագնապը միայն սիրիական է: Տպավորությունն այն է, որ տագնապը փոքր-ինչ նմանվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին Յալթայում կայացած համաձայնությանը: Կարծես, նոր աշխարհակարգ առաջանալու խնդիրներ կան, սակայն այդ նոր աշխարհակարգն առայժմ ձևավորված չէ և ուժերն էլ դեռևս հստակ չեն ոչ միայն գերտերությունների միջև, այլև տարածաշրջանային պետություններ կան, որոնք իրենց բաժիններն են ուզում, ինչպես, օրինակ, Թուրքիան կամ Իրանը: Նման բան չկար Յալթայի օրերին, երկրորդ մակարդակի շրջանային ուժերը չկային, որ իրենց պահանջները դնեին:

Այս համատեքստում կարծում եմ, որ հայերի և Հայաստանի Հանրապետության առաջին և մեծագույն քայլը պիտի լինի երկրի հզորացումը, որովհետև հայությունը և Հայաստանը կարող են առնչվել որևէ կացության այնքանով, որքանով պետությունն է հզոր: Եթե մենք հզոր ենք, կարող ենք առնչվել: Եթե հզոր չենք, մեր օգուտները քիչ կլինեն և վնասները՝ շատ:

– Ձեր կարծիքով՝ Լավրովի նշված հայտարարությունը վտանգավոր չէ՞ Հայաստանի համար: Դա կարո՞ղ է ազդակ ուղարկել ահաբեկչական խմբավորումներին, որի հետևանքով Հայաստանը կդառնա հնարավոր թիրախներից մեկը:
– Կարծում եմ, որ իսլամիստական խմբավորումները ղեկավարողները գործիքներ են: Եթե այդ ղեկավարողները նպատակ ունեն Հայաստանը ևս ներխառնելու այս հակամարտության մեջ, այդ դեպքում հավանաբար այո, իսկ եթե տրամադրություն չունեն, դժվար է պնդել, թե դա իսլամիստների քայլն է լինելու: Դա կլինի իսլամիստներին կառավարողների քայլը: Չեմ կարող ասել՝ որքանով է հավանական նման զարգացումը և որքանով է իրենց հետաքրքրում նման քայլը, որովհետև, եթե Հայաստանը, այսպես թե այնպես, ներգրավվի այս կացության մեջ, այդ պարագայում սիրիական հակամարտության ծիրի կենտրոնը ամբողջությամբ կտեղափոխվի ուրիշ տեղ և շատ վտանգավոր կլինի:

 

Հարցազրույցը` 1in.am-ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...