Վարչապետ․ Վետերաններն ապրում են ոչ այնքան արժանապատիվ, ինչքան արժանի են

By | 09.05.2017
Загрузка...

Հայաստանում տոնական օրվա գլխավոր միջոցառումը Հաղթանակի զբոսայգում գտնվող անմար կրակի մոտ էր։ Վարչապետ Կարեն Կարապետյանի և Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ այստեղ ծաղիկներ դնելու էին եկել կառավարության անդամներ, տարբեր պաշտոնյաներ։

Պաշտոնական միջոցառումից հետո Կարեն Կարապետյանին պատերազմի վետերաններից մեկը խնդրեց «վետերաններին մի քիչ նայել», ինչին վարչապետն արձագանքեց․ — «Հեսա կհանդիպենք, կխոսենք»:

«Ազատության» հարցին, թե արդյոք Երկրորդ աշխարհամարտի վետերանները արժանապատիվ են ապրում, վարչապետն պատասխանեց․ — «Կարծում եմ, որ ոչ այնքան, ինչքան արժանի են»:

Նա վստահեցրեց, թե բազմաթիվ փոփոխություններ արդեն իրականացրել են, ասաց՝ գոհ է իր ղեկավարած կառավարության աշխատանքից, ասաց, որ բազմաթիվ փոփոխություններ են արել, տնտեսական աճի թվերը ներկայացնելու համար իրեն կես ժամ ժամանակ պետք կլինի: Հարցին, թե այդ դեպքում ինչու մարդիկ չեն զգում փոփոխությունները, արձագանքեց․ — «Պետք է տնտեսական աճը հասնի մի կրիտիկական որակի, քանակի, որպեսզի դա որակական փոփոխություն տա»:

«Եթե տնտեսական աճը մարդիկ չեն զգում, ապա ինչպե՞ս է Հանրապետականը վերընտրվում» հարցը վարչապետ Կարապետյանը խորհուրդ տվեց ուղղել ընտրողներին՝ պնդելով, որ ընտրությունները չեն կեղծվել։

Երբ լրագրողները հիշեցներին ՀՀԿ-ական տնօրենների շուրջ ծագած սկանդալը, վարչապետը հակադարձեց․ — «Ուսուցիչների ձայնագրությունը վերջավոր քանակությամբ մարդկանց մասին է խոսքը գնում: Դուք մի հատ վիճակագրությունը նայեք»:

«ՍԱՍ գրուպի» աղմկահարույց ձայնագրության առնչությամբ վարչապետն ասաց՝ եթե դա ճիշտ է, ապա վատ է։

Կարապետյանն անդրադարձավ նաև իր և Սերժ Սարգսյանի մրցակցության թեմային՝ ասելով, որ իրենք նույն թիմից են: Ասաց նաև, որ նախագահի կողմից ապագայում վարչապետ դառնալու քայլեր չի տեսնում։

Այլ հարցերի վարչապետը խուսափեց պատասխանել և խորհուրդ տվեց պահել տոնական տրամադրությունը։

Միջոցառմանը մասնակցող կառավարության անդամները նույնպես գոհ էին կառավարության աշխատանքից, մինչդեռ խուսափում էին ասել՝ կպահպանեն իրենց պաշտոնը նոր կառավարությունում, թե ոչ։ Միակ պաշտոնյան, ով վստահ էր դրանում, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր, ասաց, որ դեռ 60 տարի կառավարությունում է լինելու։

Կառավարության անդամներից հետո զբոսայգի եկան ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչները։ Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պնդեց, որ հանրապետականը իշխանություն ձևավորելու իրավունք կեղծված ընտրությունների միջոցով է ստացել․ — «Մաքուր ընտրություններում մի օր մրցակցենք, տենանք իրանցից ինչ ա մնում: Եվ այդ օրը կգա, երբ որ մենք մաքուր ընտրություններում, հավասար պայքարում իրենցից բան չենք թողնի, իրենք կջախջախվեն»:

Զուրաբյանը պնդեց, որ սա իրենց համար պարտություն չէ, շարունակելու են պայքարը, որպեսզի ժողովուրդը նման պայմաններում չապրի, այդ թվում նաև վետերանները արժանապատիվ ապրեն․ — «Շատ ավելի ամոթալի է, երբ որ պատերազմի վետերաններն են նման վիճակում, որովհետև նրանք այդքան շատ չեն, և պետության օժանդակության ծրագիր պետք է լիներ՝ թեկուզ մենակ նրա համար, որ ուղերձ լիներ բոլորին, որ պետությունը կանգնած է հայրենիքի պաշտպանների թիկունքին»:

Տոնական օրվա առթիվ անմար կրակի մոտ եկած վետերանները «Ազատության» հետ զրույցում հաստատում էին՝ թոշակով չեն կարողանում ապրել։

Ֆինանսների նախարար, ՀՀԿ-ական Վարդան Արամյանը համաձայն է՝ թոշակները բավարար չեն, սակայն կառավարության օրակարգում դրանք բարձրացնելու հարց այս պահին չկա․ — «Բայց պետք է մյուս տեսանկյունից էլ իրատեսական նայենք, որովհետև մենք երկիր ենք մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3500 ԱՄՆ դոլարի չափով: Դա նշանակում է, որ մենք պետք է մեր հնարավորությունների սահմաններում փորձենք օժանդակություն ցույց տալ: Հակառակ պարագայում ստացվելու է այնպես, որ պետք է պարտք վերցնենք և պարտքով սոցիալական քաղաքականություն անենք, որը ճիշտ չէ, որովհետև ապագա սերունդներին մենք կվտանգենք»:

 

 

«Ազատություն» ռ/կ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...