Ռոբերտ Լեգվոլդ. ԱՄՆ-ը Ռուսաստանին դիտում է որպես սպառնալիք

By | 02.05.2017
Загрузка...

«ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները մեծ անկում են ապրում, բայց կողմերից և ոչ մեկը շահագրգռված չէ գնալ էսկալացիայի: Երկու կողմերն էլ ցանկանում են հարթել ներկայիս սուր իրավիճակը»,-Panorama.am-ին տված հարցազրույցում ասում է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի դասախոս, ԱՄՆ Արտաքին Հարաբերությունների Խորհրդի (CFR) նախկին աշխատակից Ռոբերտ Լեգվոլդը՝ մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

Նրա կարծիքով, իրական խնդիրն այն է, որ այն հարցերը, որոնց շուրջ կան տարաձայնություններ (Ուկրաինա, Սիրիա և այլն) իրենց բնույթով դժվար լուծելի են:

«Երկու կողմերն էլ կարծես թե ընդունում են, որ հարաբերությունները խորը փոսի մեջ են, բայց միևնույն ժամանակ կարծես ասում են, որ պետք է ամեն ինչ անել այդ փոսից դուրս գալու»,-նշում է նա:

Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանը որպես սպառնալիք, Լեգվոլդը պատասխանում է` «Այս օրերին այո, ԱՄՆ-ի համար Ռուսաստանը սպառնալիք է: Քլինթոնի կամ Օբամայի վարչակազմի օրոք կային նման մտահոգություններ, բայց Ռուսաստանը չէր ընկալվում որպես հակառակորդ: Սակայն 2011թ.-ից հետո` Ուկրաինայի ճգնաժամի հետանքով, երկու երկրներն այժմ միմյանց տեսնում են որպես հակառակորդներ, և երկուսն էլ համապատասխանաբար կառուցում են իրենց պաշտպանական մարտավարությունը: Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն արդեն իսկ սկսել է օգտագործվել այդ ուղղությամբ – մենք արդիականացնում ենք մեր միջուկային զենքի համակարգը, Ռուսաստանն էլ իրենն է արդիականացնում: Այսպիսով իրավիճակը շատ է փոխվել 2017-ի կամ նույնիսկ հինգ տարի առաջվա հետ հեմամատ»:

Այն հարցին, թե արդյոք Սիրիայի ռմբակոծումը Թրամփի կողմից միանգամյա գործողություն էր, թե այն ազդարարում է ԱՄՆ ռազմական գործողությունների սկիզբը Սիրիայում՝ ուղղված Ասադին իշխանությունից հեռացնելու վերջնական նպատակին (ինչպես դա արվեց Իրաքում Սադամ Հուսեինի պարագայում), Լեգվոլդը պատասխանում է, որ ռմբակոծումն ավելի շուտ նպատակ ուներ «պատժել» Սիրիային: Նրա կարծիքով, ԱՄՆ-ը նպատակ չունի ներքաշվել Սիրիայի դեմ երկարաժամկետ պատերազմի մեջ Ասադին հեռացնելու կամ կողմերի միջև հավասարակշռությունը փոխելու համար: Ասադին տապալելը ներկայումս ԱՄՆ օրակարգում չէ:

Միևնույն ժամանակ ամերիկացի փորձագետը չի բացառվում, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով, օրինակ այն դեպքում, եթե Սիրիան պատասխան հարված հասցնի այնտեղ տեղակայված ամերիկյան զորքերին, ԱՄՆ-ը ավելի մեծ ռազմական ներգրավվածություն ունենա հակամարտության մեջ: Ըստ նրա՝ այդ ռիսկն առկա է:

Խոսելով Սիրիայի դեպքերի շուրջ մամուլի արձագանքների մասին՝ նա ընդգծում է, որ ամերիկյան մամուլը շատ բացասական ու սև գույներով էր ներկայացնում ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը, ի տարբերություն ռուսական մամուլի, որը ավելի շատ փորձում էր շեշտել խնդրի լուծմանն ու հարաբերությունների բարելավմանն ուղղված պաշտոնական հայտարարությունները:

Անդրադառնալով Ռուսաստան-ԵՄ հարաբերություններին և մասնավորապես նախկին ԽՍՀՄ երկրներում ԵՄ ընդլայնման ծրագրերին՝ Լեգվոլդը նշեց, որ լավագույն տարբերակը կլիներ, եթե ԵՄ-ն և Ռուսաստանը փորձեին ընդհանուր հայտարարի գալ իրենց «մենամարտող» ինտեգրման ծրագրերի շուրջ և գտնել այն հավասարակշռությունը, որը թույլ կտար հետսովետական երկրներին օգուտներ քաղել երկու նախագծերից միառժամանակ: Այդ դեպքում նրանք ստիպված չէին լինի անել ծանր ընտրություն երկուսի միջև:

«Ուկրաինայի ողբերգությունը, որը Ռուսաստանին և արևմուտքին հասցրեց նոր սառը պատերազմի շեմին, այն էր, որ ո՛չ Մոսկվան և ո՛չ էլ Բրյուսելը չէին հետապնդում այս նպատակը: Սակայն այժմ կարծես թե երկու կողմերն էլ հասկանում են, որ երկու մենամարտող ինտեգրման ծրագրեր ունենալը չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԵՄ-ի և ո՛չ էլ նրանց արանքում հայտնված երկրների շահերից»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականությանը, ապա փորձագետի կարծիքով, այս առումով որևէ էական փոփոխություն պետք չէ ակնկալել: Թե՛ Ղարաբաղյան հակամարտության և թե՛ այլ հարցերի շուրջ ունեցած դիրքորոշմամբ Թրամփի վարչակազմը դժվար թե տարբերվի Օբամայի վարչակազմից:

Աղբյուր` Panorama.a

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...