Պատճառներ, որից Հայաստանը պետք է «զրկի» Ադրբեջանին. 1in.am

By | 17.05.2017
Загрузка...

Արցախի հետ սահմանին ադրբեջանական կառավարվող հրթիռի կիրառումը և հայկական զենիթային կայանի խոցումը Երևանի ավագանու ընտրության վրա կենտրոնացած հանրային ուշադրությունը վերստին ուղղեցին առաջնագիծ: Հատկապես, որ տեղի էր ունեցել ոչ միայն սովորական հերթական միջադեպը հրադադարի խախտման տեսքով, այլ Բաքուն փաստորեն կիրառել էր նոր զինատեսակ՝ կառավարվող հրթիռ, իսրայելական արտադրության «Սպայկ» հակատանկային հրթիռ: Բաքուն այդ քայլին գնացել է համանախագահների տարածաշրջանային այցից առաջ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանն այդպիսով փորձել է այսպես ասած «մեկնարկային կապիտալ» կուտակել նրանց հետ խոսակցության համար: Դա էլ իր հերթին հիմք է տալիս եզրակացնելու, որ համանախագահների հետ խոսակցությանն ընդառաջ Ադրբեջանը չունի դրական սպասումներ, այլապես չէր ունենա «մեկնարկային կապիտալի» անհրաժեշտություն:

Համանախագահներն ամենայն հավանականությամբ գալիս են Վիեննայի օրակարգով, գուցե Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի: Այստեղ առաջնայինը հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման հարցն է, որը Ադրբեջանը մերժում է, հասկանալով այն ամբողջ խորությունը, որ մեխանիզմը պարունակում է հակամարտությունը տրանսֆորմացնելու, տրամաբանության առումով ըստ էության գլխիվայր շրջելու տեսանկյունից: Բայց այդ գլխիվայր շրջադարձը կլինի հօգուտ կայունության և թեկուզ հարաբերական, բայց երկարատև խաղաղության: Մեխանիզմը Ադրբեջանին զրկելու է անպատիժ կրակելու հնարավորությունից: Մյուս կողմից թվում է, որ Հայաստանն էլ այդ դեպքում ստիպված է լինելու վերադառնալ բանակցային սեղան և խոսել այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների շուրջ: Բայց այդ խոսակցությունը կարող է ձգվել անվերջ, դա չափազանց ժամանակատար մի գործընթաց է, որում ցանկության դեպքում հնարավոր է ժամանակ շահել անվերջ: Ադրբեջանը հենց դա հասկանալով է, որ մերժում է հրադադարի ներդրման մեխանիզմը, բացահայտ հայտարարելով, որ դա ստատուս-քվոյի ամրագրման մեխանիզմն է:

Ուրեմն ինչ՝ Ադրբեջանին կպարտադրե՞ն, թե՞ նա վաղ թե ուշ կսկսի նոր պատերազմ: Կա՞ երրորդ տարբերակ, երբ չի լինի թե մեխանիզմ՝ հրադադարի ավելի կայուն և այսպես ասած իրավա-քաղաքական հաստատուն պահպանման, թե չի լինի նաև պատերազմ: Քանի դեռ կա պաշտոնապես ընդունված չլուծված հակամարտություն, քանի դեռ հակամարտության երկու կողմերը սպառազինվում են շարունակաբար, պատերազմի վտանգը կա և լինելու է միշտ, գրեթե այնպես, ինչպես թթվածինն օդում: Բայց նույնքան աներկբա է նաև, որ Ադրբեջանն ի զորու չէ միայնակ կյանքի կոչել այդ վտանգը: Ընդ որում՝ թե ռազմական, թե քաղաքական: Ադրբեջանը Հայաստանի հանդեպ չունի ռազմա-տեխնիկական այն առավելությունը, որը նրան կտա հաղթանակի հնարավորություն:

Նոր պատերազմը կլինի երկուստեք մաշող և իսկապես դաժան պատերազմ, ու որքան էլ Ալիևը չի հրաժարվում ռազմաշունչ հռետորաբանությունից, այդուհանդերձ քանի նա չի զրկվել բանականությունից, չի համարձակվի գնալ պատերազմի սանձազերծման: Դրա համար նա պետք է անհամեմատ մեծացնի Հայաստանի հանդեպ իր ռազմա-տեխնիկական առավելությունը, կամ՝ ռազմա-քաղաքական: Առաջինը նշանակում է այնպիսի զինանոցի ամրագրում, որը թույլ կտա արագորեն հասնել թե մեծ առավելության, թե ապահովագրվել պատասխան հարվածից: Դա մեղմ ասած այդքան էլ հեշտ չէ: Նախ, այդպիսի առավելության համար Բաքուն պետք է ձեռք բերի գերժամանակակից, վերջին սերնդի զինատեսակներ, ընդ որում մեծ քանակությամբ: Դա թե ահռելի թանկ է՝ իսկ Ադրբեջանը ներկայումս ունի ֆինանսատնտեսական խնդիրներ, թե նաև կապված է ռազմա-քաղաքական իրավիճակի հետ:

Այսինքն՝ Բաքվին դեռ պետք է վաճառեն այդպիսի զենք, պետք է լինի այդպիսի զենք վաճառելու քաղաքական որոշում և միջազգային կոնսենսուս, ինչպես, օրինակ, Հայաստանին «Իսկանդեր» մատակարարելու հարցում: Այստեղ ահա խնդիրը հանգում է ռազմա-քաղաքական առավելության, Բաքուն պատերազմի իրական հնարավորություն ստանալու համար պետք է կարողանա ստանալ այդ ուղղությամբ առավելություն:

Եթե կոպիտ արտահայտվենք, Ադրբեջանը պետք է կարողանան աշխարհաքաղաքական ազդեցիկ կենտրոններից ստանալ «Հայաստանին հաղթելու» հավանություն: Այժմ Բաքուն ստանում է լիովին հակառակ ազդակներ, նույնիսկ Մոսկվայից, որտեղից մինչև ապրիլ նա ստանում էր նվազագույն անհրաժեշտ հավանությունն ու ինչի շնորհիվ էլ գնաց ապրիլյան սադրանքին, բարեբախտաբար տապալված, բայց դժբախտաբար հայ զինվորների կյանքի ծանր գնով:

Նրանք այդ գնով վերականգնեցին նաև ռազմա-քաղաքական խախտված հավասարակշռությունը և Բաքուն այժմ կարող է այդ առումով որևէ հաջողություն արձանագրել միայն այն դեպքում, եթե Երևանը թույլ տա կոպիտ վրիպում կամ սխալ: Ապրիլից հետո կարծես թե այդպիսի վրիպում չկա, գոնե առայժմ: Թեև, չկան նաև քայլեր շոշափելի բեկման, առաջ պոկվելու ուղղությամբ:

Ավելին, վերջին շրջանում հնչում են նույնիսկ մտահոգիչ հայտարարություններ, մասնավորապես պաշտպանության նախարարի շուրթերից: Եթե, օրինակ, նախկինում Հայաստանի գոնե պաշտպանության նախարարը աչքի չէր ընկնում ակնհայտ ռուսամետ հայտարարություններով, ապա նոր նախարարի դեպքում, հատկապես վերջին շրջանում դրանց առատությունը աչք է ծակում: Ընդ որում ամենատարբեր հարցերի առումով:

Տեղեկատվությունն իհարկե բավական սուղ է միարժեք գնահատականի համար, բայց ակնհայտ է մտահոգիչ միտումը և անգամ հավասարակշռության խախտումը: Եթե Հայաստանի պաշտպանական գերատեսչության քաղաքական ղեկավարությունը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարության հետ պետք է մրցակցի ավելի ռուսահաճ հայտարարությունների հարցում, ապա մենք կարճ ժամանակ անց կկանգնենք այն իրավիճակի առաջ, որում հայտնվեցինք այն բանից հետո, երբ ռուսահաճ հայտարարությունների և կեցվածքի հարցում մրցակցում էին Հայաստանի իշխանությունն ու ոչիշխանությունը: Ավելին, այդ առումով Հայաստանն ակնհայտորեն բաց է թողել հնարավորությունը հավասարակշռություն ձևավորել քաղաքական դաշտում՝ խորհրդարանի ընտրության միջոցով, բալանսավորելով ռուսական և արևմտյան ուղղությամբ դիրքորոշումները:

Հայաստանի խորհրդարանի ընտրությանն այդպես էլ չձևավորվեց, չապահովվեց արտաքին քաղաքականության վերաբերյալ դիսկուրս և շոշափելի բալանսավորված մրցակցություն: Այստեղ իհարկե պատասխանատվությունը կրում է թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Առնվազն այդ մասով վերացված չէ պատճառներից մեկը, որը հանգեցրեց Ապրիլյան պատերազմի: Այժմ արտաքին միջավայրը որոշակիորեն բարենպաստ է պատերազմը զսպելու տեսանկյունից: Բուն խնդիրն այն է, թե Հայաստանն ինչքանով է կարողանալու օգտագործել այդ ժամանակահատվածը Ադրբեջանին զսպելիք իր ներքին գործոնները ամրացնելու, չեղածները ձևավորելու և կայացնելու համար, որպեսզի միջազգային միջավայրի փոփոխությունը սկզբունքորեն չփոխի լայնամասշտաբ պատերազմի հավանականության ներկայիս ցածր գործակիցը:

 

Հոդվածը` 1in.am -ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...