ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

By | 25.05.2017
Загрузка...

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության կարևոր ու արդի հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել Եվրամիության հետ երկկողմ հարաբերություններում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգիռ և պատրաստակամ է Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ոլորտներում ընդլայնելու առկա գործընկերային հարաբերությունները: Նախագահի համոզմամբ, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև 2017-2020թթ. համար գործընկերության առաջնայնությունները երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորագույն ուղենիշեր են, և դրանցում արտացոլված երկուստեք հանձնառություններով նոր լիցք կստանան նաև Հայաստանի քաղաքական ու տնտեսական լայնածավալ բարեփոխումները:

Նախագահը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում մեծ տեղ է վերապահել միջխորհրդարանական հարաբերություններին և կարևորել պատգամավորների հետ հաճախակի շփումները:

Հանդիպման պատեհ առիթով Հանրապետության Նախագահը շնորհավորել է Դեյվիդ ՄքԱլիսթերին՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Դեյվիդ ՄքԱլիսթերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար, իր հերթին ընդգծելով, որ ԵԽ-ում մեծ կարևորություն են տալիս տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին և շահագրգռված են ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդմամբ, կայունության և խաղաղության հաստատմամբ:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, այնպես էլ հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...