Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

By | 16.05.2017
Загрузка...

Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական Ֆիլիպ Ջենթին (Philippe Jeanty) ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ այսուհետև կհամալրի բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պրոֆեսորը Հայաստանում է` մայիսի 20-ին և 21-ին կայանալիք պտղի էխոկարդիոգրաֆիային նվիրված հեղինակային դասընթացի մասնակցելու նպատակով:

ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով և աջակցությամբ Հայաստան այցելած պրոֆեսորը պրենատալ ախտորոշման ասպարեզում ակնառու գիտնականներից է: Նրա կողմից մշակված ֆետոմետրիկ սանդղակները տեղադրված են ամբողջ աշխարհում օգտագործվող յուրաքանչյուր ուլտրաձայնային սարքում:

Ֆիլիպ Ջենթին պտղի էխոկարդիոգրաֆիայի հիմնադիրն է, նաև մանկաբարձությունում ուլտրաձայնային հետազոտությանը նվիրված 34 դասագրքի և ավելի քան 154 հրապարակման հեղինակ:

Բժիշկ-գիտնականը նաև պրենատալ ախտորոշման խոշորագույն ուսուցողական կայքի՝ Fetus.net–ի հեղինակն է, որում տեղադրված են 20000-ից ավելի պատկեր, 600-ից ավելի տեսահոլովակ, 2700 հոդված՝ 3000-ից ավելի ամենօրյա հաճախումներով աշխարհի 61 երկրից: 216-ից ավելի հեղինակային դասընթաց, 1000-ից ավելի դասախոսություն, 39 ասպիրանտ պրենատալ ախտորոշման ասպարեզում. սա պրոֆեսորի գիտամանկավարժական գործունեության ոչ ամբողջական ցանկն է:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում պրոֆեսորը ներկայացրեց բժշկագիտության ոլորտի զարգացման վերաբերյալ իր տեսլականը:

Նրա գնահատմամբ՝ ժամանակակից աշխարհում պետք է արժևորել և արդյունավետ օգտագործել համացանցի անսահմանափակ հնարավորություններն ու օգտվել բժշկագիտական առցանց գրականությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԵՊԲՀ-ի միջազգայնացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի , բժշկական կրթությանը վերաբերող այլ հարցերի:

 

Culture

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...