«Համակարգը պետք է լինի մոտիվացնող, արդար և ռեսուրսի խնայողությանն ուղղված». Կարեն Կարապետյանն այցելել է բնապահպանության նախարարություն

By | 11.05.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարարություն այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրներն ու անելիքները:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է ՀՀ կառավարության 2017 թ. գործունեության ծրագրով նախատեսված գերակա խնդիրների և միջոցառումների կատարման մասին: Նշվել է, որ ոլորտում իրականացվում է 25 ներդրումային ծրագիր, որից 23-ը դրամաշնորհային են, 2-ը՝ պետական բյուջեից ֆինանսավորվող՝ 184 453.4 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:
Անդրադառնալով ջրային ռեսուրսների կառավարման մասով արված քայլերին՝ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգնմանն ուղղված աշխատանքները: Նրա խոսքով՝ որպես խնդրի լուծում նախատեսվում է բոլոր ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրում, որն առցանց վերահսկողություն կապահովի ջրօգտագործման ոլորտում: Համակարգը փորձնական արդեն տեղադրվել է մեկ տնտեսությունում: Նախատեսվում է այն ներդնել 3 փուլով՝ մինչև 2018 թվականը:
Կառավարության ղեկավարը կարևորել է ավտոմատ կառավարման համակարգի տեղադրման արդյունքում մուլտիպլիկատիվ էֆեկտի ապահովումը: «Համակարգը պետք է լինի մոտիվացնող, արդար և ռեսուրսի խնայողությանն ուղղված: Սպասում եմ համալիր լուծում՝ ինչպե՞ս ենք անում, որ մոտիվացնում ենք, ի՞նչ իրավական ակտեր պետք է փոխենք: Բիզնեսի հետ խոսում եք և խոսում եք մաքսիմալ հարգալից: Եկեք խաղի կանոններն այնպես դնենք, որ բիզնեսը դրանից չտուժի: Եթե այդպիսի լուծում կա, բիզնեսը տեղավորվում է, ապա լավ, եթե ոչ՝ այդ բիզնեսը մեզ համար անընդունելի է», — նշել է վարչապետը՝ հանձնարարելով ներկայացնել Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ռեֆորմի առաջարկություն:
Հաջորդիվ Կարեն Կարապետյանին զեկուցվել է Սևանա լճի մասով կատարվող քայլերի մասին. այսօրվա դրությամբ ջրի մակարդակը կազմում է 1900.76 մ, դրական աճի միտումը, համաձայն օրենքի, ապահովվում է, և ընդհանուր առմամբ վերջին տարիներին կայուն աճ է արձանագրվում: Ներկայիս հայեցակարգով նախատեսվում է մինչև 2030 թ. լճի մակարդակի բարձրացում մինչև 1903.5 մ, և այսօրվա տեմպով այդ նպատակին հնարավոր կլինի հասնել: «Բոլորս Սևանը սիրում ենք, բայց հիմնավորեք այդ ամեն ինչը: Այդ դեպքում մենք կհասկանանք, որ պատասխանատու որոշում ենք կայացրել և լրացուցիչ բեռ չենք բերել, որովհետև ես շատ լավ հասկանում եմ, որ այս բարձրացումը կարող է լրացուցիչ ծախսեր բերի՝ ճանապարհ, ենթակառուցվածքներ, գազ և այլն: Իրականում պետք է կապիտալիզացնենք և հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Ձեզնից ակնկալում եմ հիմնավորված տեսլական», — նշել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների՝ արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի և բնության հուշարձանների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքը: Ծանոթանալով արձանագրված ցուցանիշներին և գործող համակարգի արդյունքներին՝ վարչապետը հանձնարարել է մշակել բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման հստակ ուղենիշներ, որոնք կապահովեն սեփական եկամուտների աճ, էկոտուրիզմի զարգացում, կանաչ տարածքների պահպանում և կառավարման արդյունավետություն:
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխարգելման խնդրին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է առավելագույնս անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: «Անտառի հերն անիծում են: Դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, պետք է չհանդուրժեք նման դեպքերը», — ասել է վարչապետը՝ հանձնարարելով առաջարկություններ ներկայացնել անտառների կառավարման և հսկողության գործառույթների տարանջատման, ինչպես նաև Բնապահպանական պետական տեսչության բարեփոխումների վերաբերյալ:
Կառավարության ղեկավարին տեղեկատվություն է ներկայացվել նաև կլիմայի փոփոխության, ընդերքօգտագործման և այլ ուղղություններով իրականացվող միջոցառումների մասին: Նախարար Մինասյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում ախտորոշված խնդիրները՝ միասնական կառավարման համակարգի և քաղաքականության բացակայություն ու բնական ռեսուրսների առաջարկի /օգտագործման/ ոչ արդյունավետ կառավարում, ջրավազանային տարածքների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետ համակարգի բացակայություն, կոռուպցիոն ռիսկերի առկայություն, պետություն-մասնավոր հատված համագործակցության ցածր մակարդակ, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման էկոհամակարգային մոտեցման բացակայություն, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պետական միասնական մոնիթորինգի, տեղեկատվական ու հաշվառման /կադաստրների վարման/ ամբողջական համակարգի բացակայություն: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան առաջարկությունների փաթեթ:

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ.Էդուարդ Շարմազանով

16.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով